Ադրբեջանցիները 370 մետր առաջ են եկել Նոր Ղազանչիի տարածքում

Ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը: «Ապառաժ»-ի հետ զրույցում Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը նշել է, որ առաջ են եկել գիշերվա ընթացքում:

«Նրանց դիրքը գտնվում էր Վանք-Դրմբոն խաչմերուկից 1.5 կմ ներքև: Երկրորդ դիրքն են առաջ տվել: GPS-ով ստուգել ենք, 370 մետր առաջ են եկել և դիրքավորվել: Զինվորականների հետ բանակցություններոմ ադրբեջանցիները պահանջել են հայկական երկու դիրքերը 300 մետր հետ տալ դեպի գյուղ, այդ դեպքում իրենք էլ հետ կգնան: Իսկ երկու ժամ առաջ ռուս խաղաղապահների այստեղի ներկայացուցչի հետ մոտեցել, խոսել ենք, ասել են թող ձեր ղեկավարությունը մերի հետ այդ հարցը լուծի»,- ասել է Ռուսլան Առստամյանը:

Բանակցություններին ներկա Նոր Ղազանչիի բնակիչ Թեմուր Առստամյանը նշել է, որ գիշերն են առաջ եկել, վրան խփել:

Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իրենց առաջ գալը բացատրել են, որ հրաման են կատարում:

Մեր տեղեկություններով՝ բանակցություններին ներկա են եղել ԱՀ ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, Մարտակերտի վարչակազմի ղեկավարը: