Եվրամիությունը վարույթ է սկսել «AstraZeneca»-ի դեմ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) դատական գործընթաց է սկսել «AstraZeneca»-ի դեմ ՝ Եվրամիություն կորոնավիրուսի պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը խափանելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՀ հաղորդագրությանը։

«Հանձնաժողովը նախորդ ուրբաթ դատական գործընթաց սկսեց «AstraZeneca»- ի դեմ` պայմանագրի խախտման համար: Պայմանագրային մի շարք կետեր չեն կատարվել, ընկերությունը չի կարողացել մշակել ռազմավարություն` պատվաստանյութերի ժամանակին մատակարարումն ապահովելու համար»,- նշվում է հաղորդագրությունում:

ԵՄ անդամ 27 պետությունները կողմ են եղել այդ որոշմանը։

Ավելի վաղ ԵՀ-ն հաղորդել էր, որ քննարկվում են բոլոր տարբերակները, որպեսզի «AstraZeneca»-ն կատարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ իր պարտավորությունները։

Վերջին ամիսներին ԵՄ-ն բախվել է միությունում օգտագործման համար հաստատված պատվաստանյութերի մատակարարման մի շարք խնդիրների, մասնավորապես`«Pfizer / BioNTech», «Moderna» և «AstraZeneca» ընկերությունների հետ կապված: Առաքումների հետաձգումը կարող է տապալել Բրյուսելի հավակնոտ ծրագիրը` մինչ ամառվա կես Միության չափահաս բնակչության 70% -ին պատվաստել: