Թուրքիան խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քայլին

Անկարան կպատասխանի Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշմանը: Reuters-ին տված հարցազրույցում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի հնչեցրած հայտարարությունը հրապարակել է «gazeta.ru»-ն:

«Առաջիկա օրերին և ամիսներին կլինեն տարբեր ձևերի, տեսակների և աստիճանի արձագանքներ»,- ասել է Էրդողանի խոսնակը:

Քալինն Ամերիկայի իշխանությունների որոշումը «վրդովեցուցիչ» է համարել: Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե Անկարան արդյո՞ք կսահմանափակի ԱՄՆ մուտքը Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա, որն օգտագործվում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիային աջակցելու համար:

Մինչ այդ Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը կոչ էր արել Անկարային վերականգնել «Ինջիրլիք» ավիաբազայի լիակատար վերահսկողությունը և ամերիկյան զորքերն այնտեղից հետ ուղարկել ԱՄՆ: