Նախագահն ու պատգամավորները կարող են դիմել ՍԴ եւ պարզեն Փաշինյանը կարող է ժամանակավոր պաշտոնակատար լինել

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հրաժարական է տալիս, բայց մնալու է ժամանակավոր պաշտոնակատար, բուռն քննարկում է առաջացրել: Իրավաբաններ, սահմանադրագետներ եւ քաղգործիչներ հանդես են գալիս հայտարարությամբ, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս հրաժարական տալ, միևնույն ժամանակ ժպ-ի կարգավիճակում մնալ: Իրավաբան Տիգրան Աթանեսյանը ևս անդրադարձել է խնդրին.

«Կամավոր հրաժարականից հետո վարչապետը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը: Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը: Օրինակ, եթե մի նախարար հրաժարական է տալի, ապա այն ընդունելուց հետո նա չի շարունակում պարտականությունների կատարումը, այլ դա անում է փոխնախարարը: իմքայլական «իրավաբանների» հնարած այս մոտեցումը անօրինական է և հենց հիմա ազգադավի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը՝

2․ Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Սահմանադրական այն դրույթը, որ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, չի կարող վերաբերել կամավոր հրաժարական տված վարչապետին: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա չի հանդիսացել վարչապետի ժպ, այդ պարտականությունները փոխանցվել են իրավունքի ուժով փոխվարչապետ Կ.Կարապետյանին»:

Մեկ այլ գրառմամբ Աթանեսյանը նշել է. «Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը կարող են դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության 168 հոդվածի 4-րդ կետի կարգով, պարզելու, թե արդյոք հրաժարական տված վարչապետը իրավասու է կատարել վարչապետի պարտականությունները, թե՝ ոչ»: