«Մեծ փոթորիկ, բայց ջրի բաժակում»․ ռուս սենատորը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի հետագա քայլերի մասին

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Անկարայի արձագանքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դաշնային խորհրդի անդամի խոսքերով՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի շատ դաշնակիցներ վաղուց են ճանաչել Ցեղասպանության փաստը, միևնույն ժամանակ, եվրոպական որոշ երկրներում դրա ժխտումը քրեականացված է: Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ ապրիլի 24-ը հայտարարել էր որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Ի պատասխան` Անկարան միայն դիվանագիտական դեմարշներ է իրականացրել, հիշեցրել է Պուշկովը:

«Ֆրանսիայի, ԳԴՀ-ի և այլ երկրների հետ հարաբերությունները մի փոքր սրվել են, բայց դրանք պահպանվել են: Թուրքիան չի լքել ՆԱՏՕ-ն և չի էլ լքի: Նույնը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Բայդենի որոշմանը Էրդողանի արձագանքի դեպքում. մեծ փոթորիկ, բայց ջրի բաժակում. Միևնույն ժամանակ, Բայդենի քայլը չի նպաստի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավմանը»,-գրել է սենատորը իր տելեգրամյան ալիքում: