106 տարվա արնահոսող վերք. թուրքական պարբերականի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Թուրքական Gazete Karınca պարբերականը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել, որում 8 կետով նկարագրել է Ցեղասպանության դեպքերը:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ չնայած Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից արդեն 106 տարի է անցել, սակայն հնարավոր չէ խոսել դրա հետ իրական առերեսման մասին: Հայ ժողովրդի զգալի մասը ոչնչացվել է, մնացած հատվածն էլ վտարվել է իր հայրենիքից, որտեղ ապրում էր հազարամյակներով: Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք փորձել ենք ամփոփել Ցեղասպանությունը 8 կետով:

Առաջին կետում պարբերականն ամփոփ բացատրել է ցեղասպանություն եզրույթի նշանակությունը, նկարագրել է դրա էությունը` առանց անդրադառնալու հստակ Հայոց ցեղասպանությանը:

2-րդ կետում պարբերականը փորձել է վերլուծել Հայոց ցեղասպանության նպատակները:

Այստեղ նշվում է, որ Օսմանյան կառավարությունը փորձում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերացնել Անատոլիայի հայ բնակչությանը` այստեղ մահեմդական թուրքական տիրապետությունն ամրապնդելու նպատակով:

Այս ժամանակահատվածում հայերը բռնի մահմեդականացվում էին: Ցեղասպանությունն ու տեղահանումը կատարվում էին զուգահեռ: Ցեղասպանությունը, մեծ ավերածություններ է բերել նաև սիրիացիներին, քրդերին, եզդիներին և հույներին: Ցեղասպանության հետևանքով ունեցվածքն ու մշակութային ժառանգությունը ձեռքից ձեռք էին անցնում` ըստ հասարակական կամքի: Այն նաև նպատակ ուներ ամբողջությամբ ջնջելու այս ժողովուրդների պատմական ծագումն ու հետքերը:

3-րդ կետում պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, նշվում է, որ այդ ժամանակ սպանվել են գրեթե բոլոր մատունակ հայ տղամարդիկ, հազարավոր կանայք և երեխաներ, աղջիկները բռնաբարվել են: Հարյուր հազարավորները մահացել են սովից և ծարավից:

4-րդ կետում պարբերականն անդրադարձել է Ցեղասպանության հետևանքով մշակութային, տնտեսական և սոցիալական կորուստներին:

Այստեղ նշվում է, որ հայկական մշակութային, կրոնական, պատմական և սոցիալական ժառանգության օբյեկտների վերացումը ոչ միայն Ցեղասպանության, այլ նաև դրան հաջորդող հերքման քաղաքականության կարևոր մասերից մեկն է: Հայկական եկեղեցիներն ու մենաստանները քանդվել են կամ վերածվել մզկիթների: Հայկական գերեզմանները քանդվել են: Որոշ քաղաքներում հայկական ամբողջական թաղամասեր են քանդվել:

1916 թվականին էլ հայկական ողջ ունեցվածքը գյուղատնտեսության և առևտրի նախարարարության հրամանով հայկական գույքը փոխանցվել է կառավարությանը:

5-րդ կետում պարբերականն անդրադարձել է այն հարցին, թե ինչու է ապրիլի 24-ը կարևոր հայերի համար, հիշեցնելով, որ 1915 թվականի այդ օրը Թուրքիայում ձերբակալվել և սպանվել է հայ մտավորականության էլիտան:

Հոդվածի 6-րդ կետը ներկայացնում է այն երկրները, որոնք պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

7-րդ կետն անդրադառնում է Հայկական սփյուռքի ամենամեծ օջախներին և նշում է, որ ժամանակակկից Թուրքիայում, ըստ 2018 թվականի հաշվարկի, ապրում է շուրջ 70 000 հայ:

8-րդ կետում նշվում է ցանկացած ցեղասպանության համար անհրաժեշտ նախադրյալները` վկայակոչելով աֆղան պատմաբան Հասան Քաքարի մտքերը, որը նշում է, որ  ցեղասպանություն տեղի է ունենում մի երկրում, որի մշակույթը մեծ նշանակություն չի տալիս մարդու կյանքին, հասարակությունն էլ խիստ տոտալիտար է: