Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության  գրասենյակում խորհրդարանական մեծամասնության հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ, գրում է Грузия Онлайн պորտալը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի ամիս տևած լարված բանակցություններն ավարտվել են իմ և կուսակցության նախագահի միջև համաձայնությամբ. կարծում եմ, որ տեղին կլինի թողնել խոսնակի պաշտոնը և նշանակել մի մարդու, որը կգլխավորի խորհրդարանն ավելի չեզոք դիրքից: Ըստ այդմ, մենք որոշել ենք ռոտացիա կազմակերպել: Հիմա, երբ մենք խորհրդարանում ունենք ներկայացուցչական ընդդիմություն, ես կարծում եմ, որ իմ տեղը դահլիճում է` գործընկերներիս կողքին, այլ ոչ թե խոսնակի աթոռին»,-հայտարարել է Թալակվաձեն:

Թալակվաձեն հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ էր նախագահել 9-րդ և 10-րդ գումարումների խորհրդարանները: «Շնորհակալ եմ թիմին և մեր համաքաղաքացիներին աջակցության և համբերության համար: Մենք կշարունակենք համագործակցել և պայքարել ապագա հաջողությունների համար, և, անշուշտ, մենք նոր հաղթանակներ կունենանք և կապահովենք երկրի առաջընթացը»,-ավելացրել է Արչիլ Թալակվաձեն:

Իշխող կուսակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում ներկայացրել է Կախա Կուչավայի թեկնածությունը:

Ըստ առկա տվյալների, Արչիլ Թալակվաձեն կստանձնի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը: