Մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ ՄԹ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսն ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Քերոլայն Քոքսը հղել է ուղերձ, որը ներկայացնում ենք ստորև.

«Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին, որովհետեւ դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում և շատ ծանր կորուստներ եք ունեցել դրա պատճառով:

Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետև մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա դրան նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, և մենք պայքարում ենք դրա համար: Մենք պետք է ճանաչենք նաև ցեղասպանության փորձը, որը արվեց 91-94 թթ-ին և 2020թ-ին: Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին:

Իմ երրորդ ու վերջին ուղերձը սերն է: Ես ու շատ շատերն Անգլիայում սիրում ենք Հայաստանն ու Արցախը: Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա՝ զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»,- եզրափակեց Քերոլայն Քոքսը: