ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ նախագահ Ռեյգանը դեռ տասնամյակներ առաջ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայ ժողովուրդը 106 տարի աշխարհից ակնկալում է Թուրքիայի կողմից իրականացված ոճիրի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչում, ակնկալում է ճշմարտություն, արդարադատություն, դատապարտում և հատուցում:

Տասնամյակներ շարունակ ապրիլքսանչորսին ընդառաջ, կրկին խտանում են հայության սպասումները, հույսերը: Հնչում է հարցը, արդյոք ԱՄՆ-ը նախագահը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, կհնչեցնի՞ «Ցեղասպանություն» բառը, թե տուրք տալով ԱՄՆ-Թուրքիա քաղաքական շահերին ու  հաշվարկներին՝ դարձյալ կսահմափակվի միայն Եղեռն, կամ «ողբերգական դեպքեր» ձևակերպումներով:

Այս անգամ, ինչպես միշտ,  հայության սպասումը մեծ է. թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը  հույսեր է ներշնչում, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ապրիլի 24-ին պաշտոնապես կճանաչի  Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին նախագահը:

Սակայն զարմանալիորեն մոռացության է մատնվում մի շատ կարևոր  հանգամանք: Գուցե քչերին է հայտնի, որ Միացյալ Նահանգները 70 տարի առաջ արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:  ԱՄՆ կառավարությունը  Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից 3 տարի անց՝ 1951 թվականի հունվարին, ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանին հղել է գրավոր հայտարարություն, որում  շեշտվում է հետևյալը. «Քրիստոնյաների հալածանքները հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակներ են: Այս հենքի վրա է Միավորված ազգերի Վեհաժողովը քննության է առել Ցեղասպանության հարցը»:

Սա ի՞նչ է, եթե ոչ  Հայոց ցեղասպանության փաստի արձանագրում: Նկատենք, որ  Ուրուգվայն ու Արգենտինան համարվում են այն երկրները, որոնք աշխարհում առաջինն են ճանաչել  Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ  ԱՄՆ կառավարությունը Ուրուգվայից ու Արգենտինայից 14 տարի առաջ է ամրագրել  Հայոց ցեղասապանության ճանաչման փաստը:

Հաջորդ փաստը. 1981-ին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը վերահաստատել է իր երկրի կառավարության 1951թվականի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, ու հայտարարել. «Ինչպես հայերի Ցեղասպանությունը դրանից առաջ և կամբոջացիների ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, ինչպես նաև բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»:

Այսպիսով արձանագրենք, որ  և՛ ԱՄՆ կառավարությունը, և՛ ԱՄՆ նախագահ Ռեյգանը տասնամյակներ առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ այս հայտարարությունների մասին չի խոսվում, լռություն է, և  հենց ԱՄՆ կողմից են  անտեսվում ու  մոռացության  մատնվում Հայոց Ցեղասպանության  ճանաչման այս կարևոր փաստերը:

Տասնամյակներ շարունակ Արևմուտքում տարվել  է Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու, հայոց պահանջատիրությունը խոչընդոտող քաղաքականություն: Արևմտյան քաղաքական միտքն անցած դարի 60-ականներից  լծվեց հայկական հարցը վերջնականապես փակելու գործին: Սակայն Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը փաստող բազմաթիվ վավերագրերի, իրավական փաստաթղթերի առկայությունը մշտապես կաշկանդել է Արևմուտքին, թույլ չտալով վերջինիս բացահայտորեն հերքել կատարված ոճիրը:

Արևմուտքին կաշկանդել  է նաև այն, որ չի եղել Հայոց ցեղասպանությանը վերաբերող որևէ իրավական գնահատական  կամ իրավական ատյան, որտեղ կասկածի տակ կդրվեր Հայոց ցեղասպանության համապատասխանությունը Ցեղասպանության որակմանը: Անգամ 1919-ին տեղի ունեցած թուրքական ռազմական դատարանի դատավարություններն են ապացուցում, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական անհրաժեշտություններ չէին, ինչպես ցանկանում էին ներկայացնել ոճրագործները, այլ եղել են կանխամտածված, հայ ժողովրդի ոչնչացմանն ուղղված  ծրագրված գործողություններ:

1987-ին Եվրախորհրդարանը ընդունեց մի բանաձև, որով փաստորեն  կանգնեց Թուրքիայի կողքին՝ տարանջատելով  Օսմանյան Թուրքիան ներկայիս Թուրքիայից, և վերջինիս  հանգստացնելով, որ եթե անգամ  շարունակվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ապա այն երբեք չի վերաճի ներկայիս Թուրքիայի համար քաղաքական, իրավական, նյութական պահանջի: Հիշատակած բանաձևում ամրագրվեց է հետևյալը. «Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ…Ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար»:

Հայոց ցեղասպանության դատապարտման, հատուցման, պահանջատիրության ընթացքը կասեցնելու համար Արևմուտքը գտավ մեկ այլ լուծում: Գուցե շատերի համար զարմանալի թվա, բայց  պահանջատիրությունը փակուղի մտցնելու,  գործնական քայլերը կասեցնելու համար մեջտեղ բերվեց  միա՛յն ճանաչման գործընթացը: Այսպես՝ բավարարվել միայն հայ ժողովրդի դեմ կատարված ողբերգության ճանաչմամբ,  բայց այն թողնել  որպես հիշողություն, և ոչ մի խոսք հատուցման, դատապարտման,  պահանջատիրության մասին…

Եվ առ այսօր Արևմուտքը շարունակում է հարազատ մնալ իր որդեգրած քաղաքական գծին: Դրա հետևանքն այն է, որ տասնամյակներ շարունակ, երբ տարբեր պետությունների օրենսդիր ու գործադիր մարմիններ բարձրացնում են Ցեղասպանության հարցը, ապա  միմիայն  ճանաչման մակարդակով:

ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վերածել է քաղաքական գործիքի, այն խաղարկում է և անհրաժեշտության դեպքում  օգտագործում  որպես մահակ՝  Թուրքիային զսպելու համար:  Այսօր դարձյալ նույն իրողության առաջ ենք կանգնած:

Սակայն տարօրինակ է հայկական լոբբիստական կազմակերպությունների կեցվածքը. նրանք ևս ներքաշվել են  Հայոց ցեղասպանության միա՛յն ճանաչման  գործընթացի մեջ: ԱՄՆ կառավարության 1951-ի ու ԱՄՆ նախագահ Ռեյգանի 1981-ի հայտարարությունները  օգտագործելու փոխարեն,  տասնամյակներով ճիգեր են  գործադրում  ԱՄՆ-ի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Մինչդեռ  հարկավոր է ընդամենը հետամուտ լինել արդեն իսկ հնչեցված հայտարարություններին ու արդյունավետորեն օգտագործել եղածը:

Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալված քաղաքական շոուն տասնամյակներ շարունակ կլանել է  հայության ֆինանսական, մարդկային, ազգային հսկայական ռեսուրսները, ներուժը, մենք հայտնվել ենք ճանաչումների շրջապտույտի մեջ՝  անտեսելով պայքարի իրավական ուղիները, այդպես էլ չհասնելով  հայոց հարցի իրավական գործընթացին՝ ծանրակշիռ թղթապանակի ստեղծմանն ու հայոց պահանջատիրությունը  իրավական հարթություն  տեղափոխելուն:

Ցեղասպանագետները բազմիցս են արձանագրել այն փաստը, որ  այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իրավական տեսանկյունից ոչ մի խնդիր չի լուծում, մասնավորաբար, դրանք հնարավոր չէ օգտագործել Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար: Այսինքն, ցեղասպան պետության` Թուրքիայի վրա, պարտադրանքի իրացման տեսանկյունից, դրանք չունեն իրավական նշանակություն:

Ի դեպ, շեշտեմ մի կարևոր հանգամանք ևս. Թուրքիան հսկայական գումարն է ծախսում ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցում իր ժխտողական քաղաքականությունն իրականացնելու համար,  այլև Հայոց ցեղասպանությունը միայն ճանաչումների դաշտում պահելու համար… Այս քաղաքականության  իրականացմանը լծվել են բազմաթիվ թուրք մտավորականներ, որոնք  հայտարարում են, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պետք է ներողություն խնդրի հայերից, բայց  այստեղ ավարտվում է թուրքական «անկեղծությունը» ու դրվում  վերջակետ:

Այսպիսով, աշխարհի հզորները  պահի քաղաքական թելադրանքով հայ ժողովրդին  խոստանում են ճանաչում, սակայն հաջորդ իսկ պահին հրաժարվում, «մոռանում» իրենց իսկ խոստումը: Եվ այսպես մեկ դար շարունակ։

Արմինե Սիմոնյան