Ի՞նչ անակնկալներ է նախապատրաստում Արտակ Թովմասյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ Արտակ Թովմասյանը հայտարարել էր, որ սկսում է 44-օրյա պայքար Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ Այդ ժամկետը լրացավ երեկ, իսկ նախօրեին Արտակ Թովմասյանը, դիմելով Փաշինյանին, նշել էր. «Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է: Դուք որքան հաճախ շրջեք ժողովրդի մեջ, այնքան ավելի շուտ կհամոզվեք, որ այլևս չունեք համաժողովրդական աջակցություն»:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, Փաշինյանը հրաժարական կտա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներից հետո: Ուշագրավ է, որ Արտակ Թովմասյանը 44-օրյա պայքար սկսելու և Փաշինյանի հրաժարականին հասնելու մասին հայտարարությունն արել էր վերջինիս՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից ու հունվարի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին «իրազեկումից» դեռ մեկ շաբաթ առաջ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Թովմասյանի նախաձեռնած այս գործընթացն իր շարունակությունն է ունենալու, և արդեն իսկ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հանձնաժողովների կողմից նախանշվում են ուշագրավ անակնկալներ: Թե կոնկրետ ինչ քայլեր են նախատեսվում, մեր աղբյուրները չեն նշում:

«Անակնկալը հենց նրանով է անակնկալ, որ նախապես դրանց մանրամասները չեն բացահայտվում»,- ասաց շարժմանը մոտ կանգնած մեր աղբյուրը: Համառեցինք՝ իսկ հնարավո՞ր է, որ դա կապված է ստեղծվելիք ստվերային կառավարության հետ: «Ամեն ինչ հնարավոր է»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում