Բերդավանում խաչքար է տեղադրվել՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհված համագյուղացիների հիշատակին

Տավուշի մարզի Բերդավան գյուղի կենտրոնական այգում ապրիլի 23-ին տեղի է ունեցել խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։

Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։

Խաչքարն օծել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազան հայրը նշել է. «Այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում, որտեղ պետք է ամեն անգամ այցելենք, եթե զգանք մեզ անպիտան, անուժ և հասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների, մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով»։

Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար, հհ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, որը իր խմբով և զոհված տղաների ընտանիքների հետ այցելեց նրանց շիրիմներին, խոնարհում տվեց նրանց։ Իրեն բերդավանցի համարելով՝ Արսեն Գրիգորյանը իր հարգանքի ու երախտիքի խոսքը ուղղեց բոլոր ներկաներին։