Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին. Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության տեղանկյունից, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար:

Այս մասին Այվազյանն ասաց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո։

«Այսօր Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրն է: Այս օրը մեծ խորհուրդ է պարունակում՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման առումով: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության արդյունքում զոհ գնաց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանք զրկվեցին իրենց պատմական հայերնիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքից: Այս կանխամտածված, կազմակերպված և աննախադեպ ոճրագործությունը հետագայում հիմք հանդիսացավ ցեղասպանության եզրույթի սահմանման համար և արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում: Այնուհանդերձ, միջազգային հանրության կողմից մոռացված ցեղասպանության ամենատխուր դասերից մեկը եղել է անպատժելիությունը։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն այդպես էլ չկանգնեցին արդարության առջև»,- նշեց ԱԳ նախարարը։

Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին:

Այվազյանն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար:

«Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճշմարտության համար պայքարելու իր տոկոնությունը: Այդ պայքարը վերահաստատում է, որ ոչ բիրտ ուժը, ոչ ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն խզել մեր և մեր նախնիների կապը, զրկել մեզ հիշողությունից, արժանապատվությունից և իրավունքներից: Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության հաստատման, պատմական իր հայրենիքում արժանապատիվ և անվտանգ ապրելու համար»,- ասաց Այվազյանը:

Նախարարը նշեց, որ այս ապրիլի 24-ը լրիվ այլ հնչեղություն է հաղորդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Նա ասաց, որ այսօր հայ ազգի հետ 106-րդ տարելիցը ոգեկոչում են և իրենց աներկբա զորակցությունն են հայտնում բազմաթիվ գործընկերներ՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում ՝ հաստատելով և վերահաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում:

«Այդ զորակցությունը մեզ առավել պարտավորեցնում է միջազգային ասպարեզում բազմապատկել մեր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, օրակարգի առաջմղման ուղղությամբ»,- ասաց Արա Այվազյանը:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: 

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները՝ որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են երեք տասնյակ պետություններ, միջազգային կառույցներ: