Ինչո՞ւ նույն խուլիգանության հոդվածով մեղադրանքներ չեն առաջադրվել Երևանի քաղաքապետի և նրա տեղակալների նկատմամբ և նրանք չեն ձերբակալվել

ՀԱՐՑԵՐ

Ընդունենք, որ հայրենի իրավապահ մարմինները՝ դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմինները գործում են միայն ու միայն ՀՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան, բացառելով որևէ պարտադրանք, հրահանգ գործադիր իշխանության կողմից։ Այս համատեքստում դիտարկենք Սյունիքի մարզի, Քաջարան, Մեղրի, Գորիս, Շուռնուխ համայնքնապետերի,նրանց տեղակալների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, ինչպես ընդունված է իրավական եզրույթով՝ առերևույթ հանցագործություն՝ այն է , իրենց համայնքներում պետության ղեկավարի դեմ խուլիգանական գործողություններ և հայհոյական , ատելության խոսք կազմակերպելու և տարածելու համար։

Այդ ամենն ընդունելու դեպքում, հարց եմ ուղղում նույն հայրենի իրավապահ, անկախ մարմիններին․

Տևական ժամանակ, հատկապես վերջին օրերին Երևանում նույնպես ընթանում էին բողոքի ցույցեր ընդդեմ Արցախը թշնամուն հանձնած վարչապետի։ Ցույցերի ժամանակ հնչում էին ամենասուր, վիրավորական արտահայտություններ վարչապետի հասցեին։ Ըստ ձեր երկաթյա տրամաբանության, այդ ամենը կազմակերպել էին Երևանի տաղանդավոր միմոս, նաև արտակարգ կազմակերպչական ընդունակություններով օժտված քաղաքապետն ու իր տեղակալները։

Հարգելի իրավապահ կառույցների քննիչներ, դատախազներ, ինչու՞ նույն խուլիգանության հոդվածով մեղադրանքներ չեն առաջադրվել Երևանի քաղաքապետի և նրա տեղակալների նկատմամբ և նրանք չեն ձերբակալվել։

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։