Ողջունելի է, որ հոգու քաղցկեղ առաջացնող սերիալների փոխարեն ցուցադրվում են մեր ֆիլմերը, բայց կրկնությունը գիտության մայրն է, ոչ թե արվեստի

Հին ու Նոր Հայաստանը իրար խառնած, դժբախտ, դժգույն, անկառավարելի և ողորմելի իրականության մեջ ապրող հարգելի «պողպատե» հայրենակիցներ. Աշխատելով որոշակի ժամանակահատվածում Մոսկվայում և մեր ազգային կինոստուդիայում, որը թալանեցին ու քանդեցին թուրքերը, և ոչ ոք չպատժվեց, որովհետև ամենը գցվեց վերջին 30 տարիների վրա, վերջերս նկատեցի և հատկապես Ամանորից սկսած, որ հայկական հեռուստաալիքները իրար հերթ չտալով՝ սկսել են ցուցադրել հայկական ֆիլմերը և մուլտֆիլմերը։ Եվ հանկարծ իմ դժբախտ և դժգույն բազմոցին նստած, կրկին դիտելով մեր հայկական ֆիլմերից մեկը, հիշեցի այն երիտասարդ ռեժիսորին, որը մի քանի տարի շարունակ Հայֆիլմի և հայկական կինոյի մասին այնքան էր խոսել, անդրադարձել, պահանջել հիշել և վերհիշեցրել բոլորիս, որ ակամայից, ինչպես ասում են՝ բառերը նյութականացան։ Ես անգամ մտածում էի, որ Հայֆիլմի տնօրենը հենց ինքն է, այնինչ պարզեցի, որ մեր ենթագիտակցության մեջ է այդպես տպավորվել։ Ես ինքս մասնակցել եմ նրանց ստորագրահավաքին, միացել մեծ աղմուկ հանած նախաձեռնությանը, չնայած ոչ բոլոր մեր սպասելիքները արդարացրեցին։ Շնորհակալություն քեզ տղաս, շնորհակալություն քեզ, Հայկ Բաբայան, դու հայկական կինոյի տարածման համար արեցիր ամեն ինչ և գուցե ավելին կարող էիր անել, բայց հետո անհետացար կամ ներողամիտ եղիր՝ «անհետացրին»։ Ասում էիր հեռուստաընկերությունները պետք է մրցակցեն, թե ով ավելի շատ հայկական ֆիլմ կցուցադրի և այդպես էլ եղավ, կոչերդ հասան տեղ։ Բայց հիմա իմ մի քանի թոռներից էլ փոքր երիտասարդ կոլեգա և առհասարակ հայկական հեռուստատեսության պատասխանատուներ, ինչո՞ւ եք ցուցադրում նույն ֆիլմերը երեք օրը մեկ պարբերականությամբ։ Տպավորություն է, որ հայ կինոյի պատմությունը սահմանափակվում է ընդամենը հինգից վեց ֆիլմերով կամ մուլտֆիլմերով։ Կան ֆիլմեր, որոնք երբևէ չեն էլ ցուցադրվել և նման ֆիլմերի մասին ոչ միայն մոռացել է հանդիսատեսը, այլև չի էլ լսել։ Այս ողորմելի իրականության մեջ պահանջել երիտասարդներից՝ նորից վերակենդանացնել իրենց նախաձեռնությունը, ազնիվ չէ, բայց նույն կերպ ազնիվ չէ թրքասեր «Ոսկե Ծիրանի» լռությունը՝ իր հայտնի գլխարկով գորշ կարդինալի գլխավորությամբ, ազնիվ չէ ազգային ծրագրերը սառույցին գրելը, ազնիվ չէ, որ ռեժիսորը հացադուլի և կյանքի գնով ֆիլմ նկարահանի։ Մեր օրերում ոչինչ ազնիվ չէ։ Ողջունելի է, որ հոգու քաղցկեղ առաջացնող սերիալների փոխարեն ցուցադրվում են մեր ֆիլմերը, բայց կրկնությունը գիտության մայրն է, ոչ թե արվեստի։ Ժամանակին, երբ ստեղծում էր «Բումերանգի» ալմանախը և շատերը համարում էին ժամավաճառություն, այսօր «Բումերանգի» շատ սերիաներ առավել ուսուցանող են, քան շատ ու շատ «հաղորդաշարեր»։ Մի՛ դարձրեք մեր կինոն կենացներով ուղեկցվող հիշողությունների հույզեր. տպավորություն է, որ 1991թ․ից հետո Հայաստանում ոչինչ չի ստեղծվել և չի արվել։ Համենայնդպես 2018-ից հետո անհայտ ծագման սեռի մի մարզիկի Մելի մասին ֆիլմը ֆինանսավորեցին և գովազդեցին պետական մակարդակով այնպիսի մեծ թափով և արագությամբ, որի նման չէր կարող գովազդել անգամ հայ կինոյի «PR-շիկ» Հայկ Բաբայանը։

Հ․ Ստեփանյան