Արմեն Գրիգորյանը նշել է, թե երբ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա: Այցի նախօրեին նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչ պայմաններում է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
Անդրադառնալով այն հարցին, թե տեսանելի ապագայում Հայաստանը կարո՞ղ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել, անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է.
«Խաղաղության համաձայնագրի մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է նշել մի պարզ փաստ. ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծում չի ստացել: Այս հակամարտությունը չի կարող լուծվել բռնի ուժով կամ ուժի սպառնալիքով: 2020-ի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտել է հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած 3 հիմնական սկզբունքներից 1-ը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Կան տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ, դրանց բաղադրիչներ, որոնց վրա պետք է հիմնված լինի հակամարտության կարգավորումը: Այս խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները նույնպես համամիտ են մեզ հետ. նրանց վերջին համատեղ հայտարարությունում ընդգծվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «կողմերին լավ հայտնի սկզբունքների  հիման վրա»:
Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստանալու օբյեկտիվ փաստը, այլև ամեն կերպ փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարների պուրակը», զառանցական հայտարարություններ է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն առաջին Ղարաբաղյան պատերազմի զինվորների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, ապա ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին:
Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ձեռնարկի բանական քայլեր և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին»: