Նիկոլ Փաշինյանը մինչև ամսվա վերջ հրաժարական կտա. Մակունց

«Դժգոհելու առիթ միշտ կա, այստեղ հարցն այլ է՝ կա միտում ՀՀ-ն մասերի բաժանելու։ Բայց ես չգիտեմ, թե ովքեր են դա անում, ուղղակի ունեմ նման տպավորություն, որ ակցիաներն ուղղորդված էին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին։

Դիտարկմանը, թե արդյո՞ք հենց իշխանությունը չսկսեց հասարակությանը տարանջատել սևերի ու սպիտակների, Լիլիթ Մակունցը արձագանքեց, որ համաձայն չէ այդ դիտարկմանը, քանի որ իրենք իրենց գործողություններով չեն փորձել տարանջատել հասարակությանը։

Հարցին, թե ինչո՞ւ է հրաժարական տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ ինքը ծանոթացել է մամուլի հրապարակումներին, որոնցում նշվում է, թե «Առաքելություն» կուսակցությունը, որը ներկայացնում է Մեսրոպ Առաքելյանը, պատրաստվում է դաշինքով հադես գալ ընտրություններին։

Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա Մակունցն ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա՝ դաշինք լինելո՞ւ է, թե՝ ոչ։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ամսվա վերջ հրաժարական կտա։