Գորիսի փոխքաղաքապետը տարվել է ոստիկանների կողմից. Վահե Հակոբյան. Aysor.am

Ամբողջ գիշեր Սյունիքում եղել են ապօրինի ձերբակալումներ, բերումներ, մոտ 20-ից ավելի մարդ է բերման ենթարկել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Գորիսի փոխքաղաքապետը տարվել է ոստիկանների կողմից, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին տեղափոխել են Երևան:
«Մխիթար Զաքարյանին փորձելու են երկու ամսով կալանավորել։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին էլ են տարել, նույնիսկ տեղը չգիտենք։ Մտել են մարդկանց տներ և գիշերով տարել, գործողություններին մասնակցել են ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ»:

Մեղրիի քաղաքապետի հետ տեղի ունեցածը, Վահե Հակոբյանի գնահատմամբ, քաղաքական ռեպրեսիա է։
«Բոլորին տեղափոխում են Երևան։ Մեծ մասին անհայտ ուղղությամբ են տարել, թույլ չեն տվել ո՛չ փաստաբանի հետ կապ հաստատել, ո՛չ որևէ այլ անձնավորության», – ասաց Վահե Հակոբյանը։

Նշենք, որ Սյունիքում նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմիններին հրահանգ էր տրվել կոշտ ձևով արձագանքել, «կտրուկ ու հատուկ գործողություններով այդ հարցը լուծել»: