Մենք բոլորս հայ ենք. ԵԽ Կիպրոսի պատգամավորը կոչ է արել կանգնել հայերի կողքին

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսի պատգամավոր Քրիստոփոր Լեֆթերիսը ելույթ է ունեցել լիագումար նիստում՝ խստորեն դատապարտելով ադրբեջանաթուրքական հարձակումը Հայաստանի վրա ու կոչ արել կանգնել Հայաստանի կողքին։

«Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրն ու միջազգային իրավունքը՝ հանկարծակի ու անարդար ձևով հարձակվելով Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ սիրիացի ահաբեկիչների ու Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ։ Պատմությունը դաժան է, հարգելի կոլեգաներ։ Մեկ դար առաջ մարդկությունը լուռ մնաց նեո-թուրքերի հանցագործությունների նկատմամբ, որը հանգեցրեց հայերի ու հույների ցեղասպանության»,- ասում է պատգամավորը։

Լեֆթերիսի խոսքով, Եվրամիության պատմական պարտականությունն է՝ դադարեցնել թուրքերի ու ադրբեջանցիների քրեական հանցագործությունները «մեր հայ եղբայրների նկատմամբ»։

«Ինչպե՞ս է գործում ԵՄ-ն այսօր, պարոն Բորել։ Հայաստանի հիասքանչ ու հպարտ քաղաքացիները՝ իրենց պատմական ներկայությամբ ու մարդկության ու մշակույթում ունեցած մեծ ներդրմամբ, արժանի են մեր ամուր աջակցության։ Այս պատճառներով է, որ այսօր Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի, ազատության ու ժողովրդավարության սիրտը, պետք է հստակ կանգնի հայերի կողքին և բարձրաձայն ու հստակ հայտարարի՝ «Մենք բոլորս հայ ենք»։ Մենք կանգնած ենք ադրբեջանցիների ու թուրքերի դեմ պայքարող ու տառապող Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին»,- ասում է Քրիստոփոր Լեֆթերիսը։