ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը ՀՀ ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը. իշխանությունը խնդրի առաջ է կանգնած. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է «Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն հայրենի խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները նպատակ ունեն կարճ ժամկետներում՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, արտահերթ նիստով քննարկել ԸՕ ընդլայնված փաթեթը, որպեսզի կարողանան մի քանի դրույթներ հասցնել կիրառել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, եթե, իհարկե, դրանք կայանան: Սակայն այստեղ ևս իշխանությունները կարող են բախվել խնդրի, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձգձգի դրա ստորագրումը կամ առհասարակ հրաժարվի ստորագրել այն. այս դեպքում հաստատ ժամկետների մեջ հնարավոր չի լինի տեղավորվել:

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի ոչ ընդգրկուն փոփոխությունները, որը ԱԺ-ն ապրիլի 1- ին ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ո՛չ ստորագրում է, ո՛չ էլ դիմում է Սահմանադրական դատարան, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է այն ստորագրի և կիրառման ուժ տա: Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նախագահը չի ստորագրում ու ՍԴ չի ուղարկում, ապա ընդունումից 21 օր անց Ազգային ժողովի նախագահն է ստորագրում այն 5-օրյա ժամկետում։

Նշենք, որ ապրիլի 1-ին ընդունված ԸՕ փոփոխություններով՝ հունիսին 20-ին սպասվող ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացավ, և քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել նաև իրենց տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։

Իսկ եթե Ընտրական օրենսգրքի լայն փաթեթը առաջիկա տասն օրում քվեարկվի, և Արմեն Սարգսյանն էլ այն ստորագրի ժամկետներում, ապա լայն փոփոխությունների որոշ դրույթներ կկիրառվեն: Առաջարկվող տարբերակով մասնավորապես փոխվելու է կուսակցությունների անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5 -ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչև 8, բայց այդ դրույթները ուժի մեջ կարող են մտնել սպասվող արտահերթ ընտրություններից հետո:
Իսկ փոփոխությունների մեծ փաթեթում ամեն դեպքում ամրագրված է, որ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից» ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։