Ո՞վ է իմացել, որ վարչապետ է գալիս գյուղ, ո՞ւմ են զգուշացրել, ոչ ոք չգիտեր. Շուռնուխի գյուղապետը` Փաշինյանի այցի մասին

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին 21:30-ի սահմաններում առանց տեղեկացնելու այցելել է  Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ և արագ հեռացել: Այս լուրը  հաստատեց  Շուռնուխի գյուղապետ  Հակոբ Արշակյանը:

«Այո, Փաշինյանը եկել է գյուղ, այցելել 1-2 տուն և թողել, գնացել է:  Չգիտեմ՝ ինչպես են ընդունել գյուղացիները: Ո՞վ է իմացել, որ վարչապետ է գալիս գյուղ, ո՞ւմ են զգուշացրել, ոչ ոք չգիտեր: Երբ ես տեղեկացել եմ, որ վարչապետը գյուղում է, նա արդեն քայլելիս է եղել գյուղամիջով, 1-2 տուն այցելել է և գնացել: Այցելել է Արցախից տեղահանված ընտանիքի և գյուղի բնակիչների ընտանիք է մտել, տեղյակ չեմ՝ ինչ են խոսել, ինչի համար է գնացել»,-պատմեց նա:

Արշակյանը նշեց, որ գյուղ էին այցելել նաև նախագահը և ՄԻՊ Արման Թաթոյանը, սակայն նրանց այցը 2 օր առաջ է նախապես զգուշացված եղել:

Հարցին, թե որպես համայնքապետ ինչպես է գնահատում Փաշինյանի այցի նման գաղտնիությունը, Արշակյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ գնահատական տամ, գյուղացիները թող գնահատեն: Միգուցե հատուկ նշանակության գործ էին կատարում, միգուցե գաղտնիությունը պարտադիր էր, չէ, որ մի փողոց այն կողմ ադրբեջանցիներն են»:

Գուղապետը հավելեց, որ Փաշինյանի շարասյունը այնուհետ գնացել է Կապանի ուղղությամբ, բայց ոչինչ չգիտի, թե դրանից հետո ուր է գնալու: