Հայաստանն ու Սերբիան հետաքրքրված են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմամբ

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկոպիչին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին (նստավայրը` ք. Թեհրան):
Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին և նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ երկու երկրների փոխադարձ հետաքրքրության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համաձայնագրի ստորագրումը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: