Գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասը խիստ մտահոգիչ է. ԵԽԽՎ անդամ

Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Փոլ Գավանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների և անհետ կորածների թեմային: Նա մասնավորապես նշել է.

«Ողջունում եմ այս շատ կարևոր թեմայի շուրջ քննարկումը: Մենք խիստ մտահոգված ենք գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասի կապակցությամբ: ՄԻԵԴ-ի զեկույցի համաձայն՝ 188 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ադրբեջանական կողմը ձախողել է գործընթացը՝ ժամանակին այս մարդկանց վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելով կամ տրամադրելով սահմանափակ տեղեկություններ: Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այդ մարդկանց ճակատագիրը՝ համաձայն հայ ռազմագերիներին բռնության ենթարկելու վերջին վստահելի վկայությունների: Խիստ մտահոգիչ է նաև անհետ կորածների հարցը»,- հայտարարել է նա:

Գավանը խոսել է նաև տասնյակ հազարավոր փախստականների մասին, որոնք տեղահան են եղել Արցախի պատերազմի ժամանակ: Նա նշել է, որ պետք է ապահովվի նրանց անվտանգ վերադարձը: