Կա երկու բևեռ, Նիկոլ՝ ի դեմս Թուրքիայի, Ռոբերտ Քոչարյան՝ ի դեմս Արցախի ու Հայաստանի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Արա Վարդանյանն է:

Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է, նորից ասֆալտին փռելու, պատերին ծեփելու տրամադրություններ ունի: Մարզային հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց. «Եթե մեզ նորից  ձայն տաք, մենք կշտկենք մեր սխալները, և  ժողովուրդը հնարավորություն կունենա դատել նախկիններին»: Այսինքն, կրկին նախընտրական օրակարգ է բերվում  նախկինների  դեմ պայքարի թեման: Սրա հետ մեկտեղ բանակն է թիրախավորվում, պատերազմի պարտության մեղքը բարդում են գեներալների, հրամանատարների վրա։ Փաշինյանը զբաղված է բանակը  կազմաքանդելով, այն ներսից տրոհելով՝ բաժանելով յուրայինների ու ոչ յուրայինների: Նրա համար հայկական բանակը գոյություն չունի: Այս հարցում ևս Փաշինյանի ու Ալիև հայացքները համընկնում են։ Եվ հիմա սպասվող արտահերթ ընտրություններում  նա հայկական բանակը կօգտագործի որպես ընտրական ռեսուրս:

Բանախոսը համոզված է՝

*Ցանկացած մարդ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո կա՛մ պետք է  հեռանար ինքնակամ, կա՛մ ինքնասպան լիներ, կա՛մ անձամբ ներկայանար ԱԱԾ-ին ու խնդրեր իրեն կալանավորել։ Բայց  դա չարեց. այսինքն, գործ ունենք ոչ թե մարդու, այլ չմարդու հետ։

* Մեզ՝ հայ ազգին պատիվ չի բերում կապիտուլյանտի հետ ընտրությունների գնալ, պատիվ չեն կարող բերել  նրա հավաքած ցանկացած տոկոսի ձայները,  լինի դա մեկ տոկոս, թե ավելին։ Քանի որ մենք դրանով աշխարհին ասելու ենք, որ մեր ներսում կան ա) տգետներ,  բ) թուրքամոլներ, գ) հայերից ու Արցախից զզվողներ։ Բայց չմասնակցել ընտրություններին՝ նաև կնշանակի դաշտը թողնել պոպուլիստին, ստախոսին, չմարդուն։

* Երեք տարի է՝ հայերս գերի ենք դարձել թուրք-ադրբեջանական իշխանությանը։

*Ցավալի է այն, որ իշխանությունը մեր ռազմագերիների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով։ Այդ հարցով ոչ թե պետք է խոսել, գոռալ-գոչել, այլ աշխատել, գործ անել։ Ալիևը պահում է մեր ռազմագերիներին, քանի որ դեռ Փաշինյանից ստանալու ակնկալիքներ ունի։ Նրան կարող են պարտադրել զիջումներ՝ թե՛ հողային, թե՛ քաղաքական հարցերում։

*Այս իշխանությունը Հայաստանի պատմության 30 տարիների մեջ ամենից կոռումպացվածն  է։ Երեք տարում այս իշխանությունը  կերել է այնքան փող, որքան չեն կերել  անցած 30 տարում։ Եվ ցավոք մեր ժողովուրդի մի հատվածը դեռ պասսիվ է այս հարցում։ Օրինակ, պատերազմի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամից յուրացվել է 104 մլն դոլար, ու ժողովուրդը կարծես թե լուռ է։ Մեր ժողովուրդը պետք է արթնանա։

*Տարիներ շարունակ Նիկոլի ձեռքով միֆեր են ստեղծվել Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ ՝ 4 միլիարդի հայտնի պատմությունից սկսած: Այս ընթացքում ժողովուրդը համոզվեց, որ դրանք ստեր են, Ռոբերտ Քոչարյանը կարողացել է այս ընթացքում ձերբազատվել փաշինյանական ստերից:  3 տարում այդպես էլ չկարողացավ մեկ գործ սարքել, դա նշանակում է՝ Քոչարյանը զտարյուն հայ է, ով իր մասնակցությունն է ունեցել մեր հայրենիքի ազատագրման հարցում, ու կարողացել է 10 տարում  տնտեսական լուրջ առաջընթաց ապահովել։

* Հանրային հետուստատեսությունը ծառայում է թուրքական ծրագրերի քարոզին։ Իշխանությունը արտահերթ ընտրություններից առաջ հաստատեց ևս  մի նոր ծրագիր․ կառավարությունը բյուջեից տրամադրել է 500 մլն դրամ, որով կստեղծվի նոր հեռուստաալիք, որտեղ օրը 24 ժամ լվանալու են մարդկանց ուղեղները։

*Քաղաքական դաշտում ստեղծված է երկու բևեռ՝ Նիկոլ, ի դեմս թուրքական պետության, մյուս բևեռը նախագահ Ռոբերտ Քոչարյանն է՝ ի դեմս Արցախի ու Հայաստանի Հանրապետության։

*Փաշինյանն ու իր թիմը կեղծ թեզեր են տարածում, թե իրենց գնալով՝ իշխանության կգա պատերազմի իշխանությունը։ Դա կեղծիք է։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։