Իմ ու ընկերոջս մարմինը քոր էր բռնել. ուսումնասիրեք, թե այդ ԴՏՏ թունաքիմիկատը որքան վտանգավոր է. Արմեն Ներսիսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը Երևանի ավագանու այսօրվա նիստում նշեց, որ օրերս այցելել է Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի թունաքիմիկատների գերեզմանոց:

«Իմ ու ընկերոջս մարմինը քոր էր բռնել, և մեր գիտակցությունը շատ վատ էր: Երկու տարի խոսում եմ այդ գերեզմանոցի մասին: Ուսումնասիրեք, թե այդ ԴՏՏ թունաքիմիկատը որքան վտանգավոր է, այն ուռուցքածին է ու մեռելածին: 5 մլն եվրո փող էր եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է՝ լսում եմ, որ մոտ 400 հազար եվրո կամաց-կամաց ծախսվել է և ընդհանուր առմամբ, այնտեղ փորձարկումներ և լաբորատոր աշխատանքներ են իրականացվում: Եվս 5 տարի հետո այդ 5 մլն եվրոյից ոչինչ չի մնա, իսկ թունաքիմիկատը կշարունակի թունավորել Երևանը, գետերը և ընդհանուր առմամբ Հայաստանը»,-ասաց Ներսիսյանը:

Նա նշեց, որ քաղաքական դիվիդենտներ հավաքելու և սուր հարցեր բարձրացնելու համար չի սա ես ասում, այլ պարզապես մտահոգված է մեր քաղաքացիների առողջության համար: «Պատերազմից, կորոնավիրուսից այսքան մարդիկ են մահանում, տարիներ շարունակ էլ այդ գերեզմանոցի հետևանքով են միգուցե մահացել և պետք է հարցը լրջացնել, քանի որ անձրևաջրերը լվացնում են այդ թունաքիմիկատը, լցնում Գետառը, որով Արարատյան դաշտի  հողերն են ջրվում»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այդ թեմաները երկար տարիներ անտեսված են եղել:

«Ձեր նշած ծրագիրը վերաբերում է ոչ կենցաղային թափոններին: Ձեր նշած թափոններով պետք է այլ գերատեսչություն զբաղվի, դա մեր ոլորտը չէ, մեր անելիքը չէ»,- ընդգծեց Մարությանը և հավելեց, որ կփորձի այն մասնագետներին, ովքեր տրամադրվում են ԵՄ-ի կողմից, ներգրավել կենցաղային թափոնների ուսումնասիրության գործում: