Վահե Ղազարյանի հրամանով պաշտոններից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետը, տեղակալը և Գորիսի ոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզում մի շարք կադրային փոփոխություններ են արվել:

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը, եղել են նաև նշանակումներ:

«ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, կադրերի ռեզերվից արվել է նշանակում՝ Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի ոստիկանապետ: Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Հարցին, թե ով է փոխարինել Կապանի բաժնի պետին, Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալն ասաց, որ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը:
«Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը, նրան փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը»,-ասաց Էդգար Ջանոյանը: