Թունավորումից մահացած երեխան տապակած կանաչի էր կերել. ընտանիքի մյուս անդամների վիճակը կայուն է

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա երեխան ու ընտանիքի մյուս   անդամները հիվանդանոց տեղափոխվելուց առաջ այգուց հավաքած կանաչի են կերել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։

«Ըստ երեխայի ծնողների՝ իրենց այգուց քաղած կանաչի են տապակել, կերել, նախնական ախտորոշում է դրվել սննդային թունավորումը»,- ասաց նա։

Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ 12-ամյա աղջիկը մահացել է իրենց մոտ տեղափոխվելուց մոտ 1 ժամ անց։ Նա, բժշկի խոսքով, հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, գիտակցության կորստով։

Ընտանիքի մյուս անդամները առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան:

14-ամյա տղան, «Մուրացան» բժշկական կենտրոնում է, նրա վիճակը կայուն է, նախօրեի համեմատ ավելի լավ։

Ընտանիքի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։

«Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ Ս․ Հ․-ի և Ա․ Հ․-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է մամուլի խոսնակը:

Ավելի վաղ ԱԻՆտեղեկություն էր տարածել, որ ապրիլի 20-ին, ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.):

Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ: