Հրաժարականից հետո էլ վարչապետի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանն է լինելու. «Իմ քայլը»-ի պատգամավոր

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը լինելու է ապրիլի վեջրին տասնօրյակում, բայց կոնկրետ օր չեմ կարող ասել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա նշեց, որ դեռ հստակ չէ՝ իրենք դաշի՞նք, թե կուսակցություն ձևաչափով են մասնակցելու ընտրություններին։ Պատգամավորի խոսքով, այդ հարցը դեռ քննարկվում է։

«Հրաժարականից հետո էլ վարչապետի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանն է լինելու, այլ ոչ Տիգրան Ավինյանը»,- նշեց նա։

Հարցին, թե որ ուժերի հետ դաշինք կազմելու հարցն է քննարկվում, Արման Եղոյանը պատասխանեց. «Ես չասացի, որ որևէ ուժի հետ դաշինք կազմելու հարցն է քննարկվում, այլ քննարկվում է դաշինքով գնալ-չգնալու հարցը։ Ուժերի մասին կխոսենք, երբ որոշենք դաշինքով գնալ»։

Նա նկատեց՝ կան ուժեր, որոնց հետ դաշինքով գնալու հարցը քննարկում է «Իմ քայլը», բայց այս պահին անուններ հրապարակել չի կարող։

«Դրանք աշխատակարգային քննարկումներ են»,- շեշտեց նա։