ԲԴԽ-ից հերքում են, թե՝ Ջհանգիրյանը ստացել է Վարդազարյանի մեքենան, և աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ։

«Բացառապես ապատեղեկատվական հոսքերից հասարակությանը զերծ պահելու նպատակով հակիրճ անդրադառնանք նախորդ օրը զանգվածային լրատվության որոշ միջոցների, մասնավորապես դրանցից մեկի, երեկ հրապարակած մի քանի կեղծ լուրի:

«Միջադեպ ԲԴԽ-ում. Ջհանգիրյանը ստացավ Վարդազարյանի մեքենան, իսկ աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է» և «Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ» վերտառություններով հրապարակումներն աղերս չունեն իրականության հետ:

Առաջին հրապարակումը հենց նույն օրը հերքվել է, սակայն, դա չի զսպել լրատվամիջոցի համառ ջանքերը շարունակել ընթերցողներին թյուրիմացության մեջ գցել:

Հրապարակված երկրորդ տեղեկատվությունը նույնպես հորինված է, այն պարզ պատճառով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել և գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից և Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, և ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել և գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը:

Ավելին, երեկ Բարձրագույն դատական խորհրդը և աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, Արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն։

Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը», – նշված է հաղորդագրության մեջ։