Ղարաբաղի գետերի վրա 13 ավտոմատ հիդրոէլեկտրակայաններ կտեղադրվեն. ադրբեջանական նախագծեր. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին 

«Ռազմական ավարի պուրակի» բացման մասին

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է «Ռազմական ավարի պուրակ»-ի բացմանը և հանդիպում ունեցել զինվորականների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ 5 հա կազմող պուրակի տարածքում ցուցադրված է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 միավոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր:

«Պուրակում» ցուցադրված են նաև «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք ներկայացվում են որպես Շուշիի ուղղությամբ արձակված հրթիռներ։ Ալիևը հայտարարել է, թե պատերազմի ընթացքում իրենց զինված ուժերի կողմից ոչնչացված և որպես ավար վերցված հայկական սպառազինության գինը գնահատվում է 5 միլիարդ դոլար։

Հայկական զինտեխնիկայի հետ մեկտեղ պուրակում ցուցադրվել են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր եւ զոհված հայ զինվորականների սաղավարտներ: Ապրիլի 14-ից, պուրակը բացվել է քաղաքացիների համար, գործարկվել է նաև «պուրակի» կայքը։

Շաբաթվա ընթացքում 15 երկրից 27 պատվիրակներ են այցելել պուրակ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններից պարզ է դառնում, որ պուրակ է այցելել նաև ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, որին պաշտոնական Բաքուն մշտապես օգտագործում է իր քարոզչության մեջ։

Իտալիայի ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը: France 24-ի, The Guardian-ի, BuzzFeed-ի, The Times-ի, Bloomberg-ի, Bild-ի և մի շարք այլ ԶԼՄ-ների լրագրողներ, գործող ու նախկին քաղաքական գործիչներ, իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, այդ թվում և Freedom House-ը, քննադատության են ենթարկել Ալիևին Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման համար։ Ալիևին համեմատել են Ադոլֆ Հիտլերի ու Սադամ Հուսեյնի հետ՝ նրան անվանելով բռնապետ ու հիվանդ։ Նրանցից շատերը բարձրացրել են հայ ռազմագերիների ու Արցախի ինքնորոշման հարցը։

Լրագրողներին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտարարել է, թե պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է և գերիների վերադարձը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի դիվանագետին՝ խորհուրդ տալով նախքան որևէ հարց մեկնաբանելը, ուշադրություն դարձնել, թե ինչպես են որոշ խնդիրներ լուծվում նրա երկրում:

Հույն քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոս Անդրուլակիսը դատապարտել է Բաքվում «Ռազմական ավարի պուրակ»-ի բացումն ու սոցցանցերի իր էջերում գրել, թե Ալիևը «վիրավորում է հայ զինվորների հիշատակը»՝ հիմնելով «բարբարոսության» պարկ։

Լուկաշենկոյի՝ Բաքու այցը և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին ինտեգրվելու շուրջ զարգացումները

Ապրիլի 13-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բաքու։ Ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են շրջանառել, թե Լուկաշենկոն Բաքու է մեկնել Պուտինի հետ խորհրդակցելուց հետո՝ ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի ինտեգրման գործընթացը սկսելու համար:

Ալիևի և Լուկաշենկոյի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է 5 ժամ, և ավարտվել է միայն կեսգիշերին: Իսկ ապրիլի 14-ին տեղի է ունեցել Ալիևի և Լուկաշենկոյի պաշտոնական հանդիպումը, որի օրակարգում են եղել առևտուրը, զբոսաշրջությունը, առողջապահությունը և գյուղատնտեսությունը:

Լուկաշենկոն առաջարկել է Ալիևին խորացնել համագործակցությունը էներգակիրների մատակարարման հարցում: Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը հայտարարել է 2021 թ-ին Ադրբեջանից 1 միլիոն տոննա նավթ գնելու բելառուսական պլանների մասին:

Հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահը նշել է, թե բելառուսական կողմը պատրաստակամություն է հայտնում մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը։ Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է Ալիևն իր միջոցով Երևանին առաջարկել լուծել ԼՂ հակամարտությունը գումարի դիմաց: Նրա խոսքով ՝ Ալիևը պատրաստակամություն է հայտնել ոչ միայն Ղարաբաղը վերականգնել, այլ նաև Հայաստանը բարձրացնել, բայց Հայաստանի՝ նախկին իշխանությունները մերժել են։

Ալիևն իր հերթին հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքների զարգացման համար Բաքուն շահագրգռված է ագրոարդյունաբերական համալիրներ ստեղծելու Մինսկի փորձի օգտագործմամբ: Հանդիպման արդյունքում փոխըմբռնման և համագործակցության հուշագրեր են ստորագրվել անասնաբուժության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում:

Բաքու այցից հետո Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նախ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկել է նաև Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին գրել են, որ ապրիլի վերջին ԵՏՄ խորհրդի նիստի համակարգող հանդիպման ժամանակ, Բելառուսի օգնությամբ ընթանում են հանդիպումներ ՌԴ-ի և ՀՀ-ի պատվիրակությունների միջև` գագաթնաժողովում ադրբեջանական պատվիրակության ներկայության նախապատրաստման հարցերը քննարկելու համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան հայտնել է, որ Ադրբեջանը և Տաջիկստանը հրավիրվել են մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին, որը տեղի կունենա ապրիլի 29-30-ը Կազանում: Առաջարկը եկել է Ղազախստանից: Այժմ ԵԱՏՄ երկրները քննարկում են այս հնարավորությունը:

Նկատենք, որ կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների՝ այդ թվում նաև Հայաստանի համաձայնությունը։

Փորձագիտական շրջանակների կողմից կարծիքներ են հնչել, որ Հայաստանն իր համաձայնությունը կարող է տալ՝ Ադրբեջանի առաջ դնելով մի շարք նախապայմաններ։

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Ապրիլի 13-ին, Բաքվում անցկացվող «Նոր հայացք Հարավային Կովկասին. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով խորհրդաժողովի ընթացքում Ալիևը հայտարարել է, թե չնայած այն հանգամանքին, որ հրադադարի ռեժիմը հարգվում է, հետպատերազմյան զարգացումների վերաբերյալ դեռ շատ հարցեր կան։

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հարցով խաղաղության համաձայնագիր ստորագրել, բայց Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում այդ ուղղությամբ:

Ըստ Ալիևի՝ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և կարգավորված: Ադրբեջանը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող հայերին համարում է իր քաղաքացիները և նրանց բնակության տարածքում ուժ կիրառելու ծրագրեր չկան:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահն իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման ծրագրերի շուրջ, շեշտել, որ իրենց դիրքորոշումը հայտնել են ռուս գործընկերներին, իսկ ռևանշի հասնելու ցանկացած փորձ կկանխվի։ Նրա խոսքով՝ ադրբեջանական սահմանապահ զորքերը գտնվում են հայկական կողմի անմիջական հարևանությամբ, սակայն ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, ինչը վկայում է ռազմական պլանների բացակայության մասին:

Ընդգծելով, թե իբր Զանգեզուրը, ինչպես Սևանա լիճը և Երևանը, «հին ադրբեջանական տարածքներ են», Ալիևը հավաստիացրել է, որ դա չի նշանակում, որ ադրբեջանական կողմը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ: Ալիևն ընդգծել է, որ եթե իրենք վերադառնում են Զանգեզուրի միջանցք և օգտվում այդ ճանապարհից, ապա կարող են նաև ժամանակի ընթացքում Երևան վերադառնալ։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքով նոր երկաթուղային կապ կստեղծի Թուրքիայի հետ, սակայն այն չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։ Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը «պետք է վերաշարադրի իր սահմանադրությունը» և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից:

Ալիևը նշել է, թե Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբից առաջարկներ է ակնկալում տարածաշրջանում հետագա խաղաղ կյանք հաստատելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը բողոքել է, որ Բաքուն մինչ այժմ ամերիկյան վարչակազմից ոչ մի հաղորդագրություն չի ստացել Ղարաբաղի վերաբերյալ: Հիշեցնելով, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախկինում զանգահարել էր Հայաստանի վարչապետին, Ալիևը նկատել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկիրը պետք է ցուցաբերի հավասարակշռված մոտեցում:

Խորհրդաժողովի ընթացքում Ալիևը նաև հայտարարել է, թե իրենք ցանկանում են մեծացնել իտալական ընկերությունների ներկայությունը Ադրբեջանում և երախտապարտ են Իտալիային՝ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված իրենց մոտեցման հարցում, քանի որ միշտ չէ, որ հեշտ է արտահայտվել ԵՄ ընտանիքում, որտեղ կան Հայաստանին աջակցող ուժեր: Ադրբեջանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաև Պակիստանին Ադրբեջանին աջակցություն հայտնելու կապակցությամբ։

Ապրիլի 13-ին, Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ իրենք քննարկել են ԼՂ հարցը ու ընդգծել հակամարտության երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը հասնելու կարևորությունը:

Ապրիլի 13-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որով ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Համանախագահները կողմերին հիշեցրել են, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր՝ լուծելու հիմնախնդիրները և ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը նպաստում է կայուն խաղաղությանը:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարը Twitter-ի իր էջում գրել է, թե անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ձևավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության համար: «Եթե համաձայնություն ձեռք բերվի ջրամբարների և ջրանցքների՝ մասնավորապես Ջողազ և Աբբասբեյլի ջրամբարների նորոգման և շահագործման շուրջ, դա կդառնա Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության լավ տարբերակ»։

Շաբաթվա ընթացքում Ուկրաինայի փոխվարչապետ Օլեկսեյ Ռեզնիկովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակնա (Աղդամ): Նրա խոսքով՝ Ուկրաինան հացահատիկի խոշորագույն արտադրողներից մեկն է, այն կարող է օգտակար լինել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների վերականգնման գործում: Նա ընդգծել է, որ Ուկրաինան մետաղի խոշոր արտադրող է, ինչը ևս կարող է օգտակար լինել այդ հարցում։

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, թե ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա «Ս-400» համակարգերի շուրջ և պահպանի նույն դիրքորոշումը Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում: Սենատոր Մենենդեսը կոչ է արել Նուլանդին զբաղվել հայ գերիների վերադարձի և Արցախի հարցերով։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 2021 թ․ մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային զորքերը մարտական կրակոցով վարժանքներ են իրականացրել: Նույն պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի հրթիռահրետանային մարտկոցները ևս մարտական հրաձգություններով մարտավարական զորավարժություններ են անցկացրել։

Ապրիլի 14-ին Սանասարի (Ղուբաթլու) շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանագծին իր ծառայողական ու մարտական գործունեությունն է սկսել նոր զորամասը՝ սահմանային պարետային ծառայությունը: Շաբաթվա ընթացքում տեղեկություններ են շրջանառվել այն մասին, որ Արցախից զավթված Քարվաճառի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ուղղաթիռ է կործանվել, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն վթարի, ինչպես նաև անձնակազմի մասին տեղեկատվություն չի հայտնել:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանս է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Կոնֆերանսի ժամանակ Աքարը հայտարարել է, թե «Ղարաբաղի հետ կապված օպերացիայի բարեհաջող ավարտից հետո թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին»,- նշել է Աքարը:

Կանադայի Արտգործնախարար Մարկ Գարնոն հրապարակել է իր երկրի որոշումը, որով դադարեցվում է կանադական ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին Արցախյան վերջին պատերազմում։ Կանադացի պաշտոնյան հաղորդել է, որ ապրիլի 12-ի առավոտյան զրուցել է թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հաստատելու Կանադայի մտահոգությունը։

Թուրքական «Baykar» ավիացիոն խոշոր ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, թե Կանադայի կողմից Թուրքիա անօդաչու տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունների վերացումը չի վնասի իրենց ընկերությանը: 

Գերիների վերադարձի խնդրի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է։ Նրա պնդմամբ՝ այդ ուղղությամբ համառ աշխատանք է իրականացվում։ ՀՀ- ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և նշել, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Երևանում, ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական տարբեր քաղաքներում։ ԵԽԽՎ միգրացիոն կոմիտեի նախագահ Պիեռ Ալեն Ֆրիդեզը խորին մտահոգություն է հայտնել՝ կապված Արցախյան պատերազմի արդյունքում անհետ կորածների և գերիների ճակատագրի հետ:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե 2022 թ-ին կսկսվի քաղաքացիների փուլ առ փուլ վերադարձը Արցախից գրավված տարածքներ։ Ալիևը հավելել է, որ այդ տարածքներ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ: Մասնավորապես, արդեն սկսվել են տարածաշրջանում ավտոմայրուղիների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման և երեք օդանավակայանների ու երկաթուղիների համակարգման հետ կապված աշխատանքները:

Իլհամ Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը 3 տարվա ընթացքում կավարտի Ղարաբաղի հիմնական ենթակառուցվածքային նախագծերը: Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ իրենք կկարողանան 2-2,5 տարում ավարտել Մեղրիով անցնող ճանապարհի կառուցումը, եթե Հայաստանը արհեստական խոչընդոտներ չստեղծի։ Ալիևը նկատել է, որ հաշվի առնելով Կովսականի (Զանգելան) աշխարհագրական դիրքը՝ այն կարող է դառնալ կարևոր տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել, թե այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը նախատեսում է շահագործման հանձնել «Հաղթանակի ճանապարհը» (101 կմ), որը «Շուշին օկուպացիայից ազատագրելու խորհրդանիշ է»: Ներկայում հողային աշխատանքներ են տարվում: Ճանապարհի վրա կառուցվում են երեք ճանապարհային կամուրջներ:

Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության տնօրեն Ումայրա Տագիևան հայտարարել է, թե Ղարաբաղի գետերի վրա 13 ավտոմատ հիդրոէլեկտրակայաններ կտեղադրվեն։ 

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Ադրբեջամական լրատվամիջոցների ուշադրությաննն է արժանացել այն իրողությունը, որ TURKUAZ նախագծի շրջանակներում առաջին բեռնարկղային էքսպրես գնացքը ժամանել է Բաքու: Նշենք, որ TURKUAZ նախագիծը լոգիստիկ ճանապարհ է, որը մշակվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կողմից: Ծրագրի շրջանակներում բեռները տեղափոխվելու են շաբաթական երկու անգամ՝ Ստամբուլ-Բաքու, Մերսին-Բաքու և հետադարձ ուղղությամբ: Ակնկալվում է, որ TURKUAZ-ը կնպաստի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների աճին:

Ադրբեջանում բուռն ընթացքի մեջ է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Խանոբա» մաքսակետի շինարարությունը: Ենթադրվում է, որ «Խանոբա» մաքսակետը կարագացնի ապրանքների փոխադրումը Հյուսիս-Հարավ միջանցքով, կպարզեցնի սահմանը հատելու գործընթացները: 

Այլ թեմաներ

Ապրիլի 16-ին Ադրբեջանում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպանին բողոք է արտահայտվել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում ապրիլի 14-ին Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանի հետ կայացած հանդիպման կապակցությամբ:

Դեսպանին տեղեկացվել է, որ Թոյվո Քլարի այս գործողությունները խարխլում են ադրբեջանական կողմի վստահությունն իր հանդեպ: