Եթե փորձեն կապարակնքումը պոկել և ներխուժել ԲԴԽ նախագահի աշխատասենյակ, դա կդառնա քրեորեն հետապնդելի արարք. Վարդազարյան

Ցանկացած անձ, որը կարող է մտնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակ, դա բացառապես ԲԴԽ նախագահն է, այլ ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանը։

Նշենք, որ  ArmDaily.am-ը գրել էր, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կոտրել է աշխատասենյակի կապարակնիքը և ներխուժել Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ։

Վարդազարյանն ասաց, որ ԲԴԽ չի գնում. «Իմ առանձնասենյակը կապարակնքված է։ Ցանկացած անձ, որը կարող է մտնել այդ սենյակ, դա բացառապես ԲԴԽ նախագահն է, այլ ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ աշխատասենյակը և ծառայողական մեքենան ԲԴԽ նախագահինն են։ Եթե ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցված են, ապա նա էլ իրավունք չունի օգտվել և՛ ծառայողական մեքենայից, և՛ աշխատասենյակից։ Այդ իրավունքից չի կարող օգտվել նաև ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը»։

Նա նշեց, որ դա պետք է մնա այդպես այնքան ժամանակ, մինչև ԲԴԽ նախագահ ընտրվի։

«Ցանկացած գործողություն կապված այդ աշխատասենյակի հետ, եթե փորձեն կապարակնքումը պոկել և ներխուժել, հետագայում դառնում է քրեորեն հետապնդելի արարք»,- նշեց Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված քրեական գործի առկայությամբ, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։