Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք լրատվամիջոցներին, որ Բորիս Ավագյանը չի զբաղեցնում Արցախում որևէ պաշտոն. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք լրատվամիջոցներին, որ Բորիս Ավագյանը չի զբաղեցնում Արցախում որևէ պաշտոն և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Այս մասին Tert.am-ի հարցին՝ երբ է պաշտոնից ազատվել Բորիս Ավագյանը, ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով՝ մանրամասների չի տիրապետում:

«Բորիս Ավագյանը այս պահին Արցախում որևէ պաշտոն չունի, այլ մանրամասների ես չեմ տիրապետում, ինձ հետաքրքիր չէ՝ երբ է նա ազատվել պաշտոնից: Չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ երբ է ազատվել պաշտոնից »,- նշեց Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպված ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի կողմից: Քննարկմանը ներկա էր նաև Արցախի ԱԻՊԾ պաշտոնյա Բորիս Ավագյանը, որը մի քանի հայտարարություններ էր արել:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ քննարկումից անմիջապես հետո, երբ Բորիս Ավագյանը դեռ չի հասցրել հեռանալ խորհրդարանի շենքից, նրան է զանգահարել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և տեղեկացրել, որ Արայիկ Հարությունյանն ուզում է իրեն ազատել աշխատանքից։