Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի կողմից ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու  դեպքի մի շարք հանգամանքներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իսրայելում ՀՀ դեսպան, միաժամանակ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Ս.-ն օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար և վերոնշյալ  հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ  Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն: Այնուհետև  նշված հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում՝ 550.000 ԱՄՆ դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը: