Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս. փաստաբան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

«Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության երեկվա պարզաբանումը հասարակության շրջանում բազմաթիվ հուսահատ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, ոմանք նույնիսկ մտահոգություն են հայտնում առաջիկա օլիմպիական ոսկին կորցնելու հավանականության մասին։

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նրան համապատասխան դատավարական կարգավիճակ տալը բխում է քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու օրենսդրական պահանջից, ուստի խնդրում եմ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չնույնացնել մեղադրական դատավճռի հետ։

Վստահ եղեք՝ Ս.Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: