ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին

Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր պատկերող կերպարների (մանեկեններ), 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների սաղավարտների և անձնական իրերի ամենաանմարդկային հավաքածուն ցուցադրող, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական առաքելությունից։

«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»։