Մոտ ժամանակներում կներկայացնենք մեր դիրքորոշումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

Մոտ ժամանակներում կներկայացնենք մեր դիրքորոշումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու վերաբերյալ։ Վետո, իհարկե հնարավոր է, բայց դա գործընթաց է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե արդյո՞ք գերիների վերադարձի հարցը քննարկվելու է, որպեսզի Հայաստանը վետո չդնի, Գրիգորյանը պատասխանեց.

«Իհարկե, բոլոր բաղադրիչները քննարկվում են: Նախ` դա վետո չէ։ Դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը, ես ձեզ անձամբ այդ մասին տեղյակ կպահեմ: Դուք հիմա բազմաբաղադրիչ հարցեր եք տալիս»։

Գերիներին վերադարձնելու քննարկման մասին հարցին, թե արդյո՞ք Երևանն այդ հարցը որպես նախապայման դրել է, փոխվարչապետը պատասխանեց, որ այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել նիստին այլ երկրի մասնակցության հարցը:

«Սա որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում, ուղղակի գալու է ամսաթիվը և մենք ասենք՝ այո կամ ոչ: Գերիների վերադարձի հարցով ո՞ւմ առաջ նախապայման դնենք, ԵԱՏՄ այլ երկրների՞: Կարծում եմ, որ Մոսկվայի հետ գերիների հարցը քննարկվում է կառուցողական ձևաչափով և հույս ունեմ, որ լուծումներ կլինեն»: