Թուրքիայի խորհրդարանի ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայի հայերն ամենաշատը բողոքում են իրենց ուղղված ատելության դրսևորումներից

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովը Արցախյան վերջին պատերազմից հետո զեկույց է պատրաստել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև առաջացած խնդիրների և Թուրքիայում դրանց արձագանքների մասին։ Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի հայերն ամենից շատ բողոքում են այստեղ իրենց հանդեպ ատելության դրսևորումներից։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Հաքան Չավուշօղլուն հայտնել է, թե հանձնաժողովն ուսումնասիրել է Թուրքիայում հայ բնակչության կրած նեղությունները, և որ այդ ուսումնասիրության շրջանակներում հանձնաժողովի անդամները հանդիպումներ են ունեցել հայ հոգևորականների, որոշ հասարակական կազմակերպությունների և մամլո օրգանների ներկայացուցիչների հետ։

Արդարություն և զարգացում կուսակցությունը ներկայացնող Չավուշօղլուն «Հայ քաղաքացիների խնդիրները» խորագրով զեկույցից որոշ հատվածներ է ներկայացրել, համաձայն որոնց՝  Թուրքիայի հայերը հայտնել են, թե իրենց ուղղված ատելության արտահայտություններն առավելապես գրանցվել են համացանցում։

Հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ հայերի հանդեպ ատելություն պարունակող արտահայտություններ հնչել են նաև թուրքական հեռուստաալիքներով և ռադիոկայաններով։ Սակայն նույն զեկույցի համար տեսակետ ներկայացրած Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (Radyo ve Televizyon Üst Kurulu – RTÜK) փորձել է ժխտել այդ փաստը՝ նշելով, թե խորհուրդն իբր նման խտրականությունների չի հանդիպել։