ՌԴ-ում ռեկորդային կարճ ժամկետում անօդաչուների արտադրության 1-ին գործարանը կկառուցվի

«Կրոնշտադտ»  ընկերությունը սկսել է Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) սերիական արտադրության առաջին մասնագիտացված գործարանի շինարարությունը:

Այս մասին գրում է iz.ru-ն՝ արտադրողի մամուլի ծառայությանը հղումով:

Նշվում է, որ գործարանը կկառուցվի ռեկորդային կարճ ժամկետում, այն նախատեսվում է գործարկել 2021-ի նոյեմբերին:

Նախագծում ներդրումները կկազմեն ավելի քան 4 միլիարդ ռուբլի: Ընկերությունը պարզաբանել է, որ ձեռնարկությունը կապահովի մշտական աշխատատեղեր ավելի քան 1,5 հազար մարդու համար և տարեկան բյուջե կուղարկի ավելի քան 900 միլիոն ռուբլի հարկ: Գործարանի ընդհանուր տարածքը կկազմի 45 հազար քառակուսի մետր:

Հիշեցնենք՝ «Կրոնշտադտ» ընկերությունը «Ինոխոդեց» (հայտնի է նաև որպես «Օրիոն») հարվածային ԱԹՍ-ների մշակողն ու արտադրողն է: Այս սարքերը կարող են կրել մինչև 200 կգ մարտական բեռ: Դրանք օգտագործվել են Սիրիայում՝ միջազգային ահաբեկիչներին հարված հասցնելու համար:

Գոյություն ունեն նաև սարքի հետախուզական և քաղաքացիական տարբերակներ: