Չեխերն ուզում են Լոռիում նոր հանք շահագործել. մարգահովիտցիները դեմ են

Լուռու մարզի Մարգահովիտ գյուղում բնակիչները բողոքի ակցիա են սկսել, քանի որ տեղեկացել են՝ մարզում պղնձի հանք է բացվելու: Հանքի կենտրոնը գտնվում է Եղեգնուտ համայնքում: Կա հինգ ազդակիր համայնք, որոնցից Մարգահովիտն ամենաքիչն է առնչվում հանքի հետ, սակայն այսօր հանրային քննարկումն իրականացվում է Մարգահովիտում:

Այսօրվանից Լոռու մարզում նախատեսվում են հանրային քննարկումներ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ Ընկերության կողմից, որտեղ պետք է ներկայացվի «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ: Հանրային քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որն այսօր հանրային քննարկման է եկել որպես հանքի կողմից ներկայացուցիչ, նշեց, որ բնակիչները մինչև բողոքելը պետք է ուսումնասիրեն, լսեն, թե ինչ են պատրաստվում անել, սակայն քաղաքացիները նշեցին, որ եթե քննարկման մեջ թեկուզ մեկ անգամ արծարծվի «հանքի բացում» արտահայտությունը, ապա որևէ կերպ ոչինչ չեն պատրաստվում լսել:

Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Սարգսյանն էլ ասաց, որ եթե Լոռին առաջնահերթ է համարում զբոսաշրջությունը զարգացնելը, ապա որևէ հանքի շահագործումը պետք է կտրականապես մերժվի։

«Արդեն իսկ Լոռին տեսել է հանքարդյունաբերության վնասները, էլ չենք ուզում»,- ասաց նա։

Բնակիչներից Արա Կոտինյանը նշեց, որ հանրային քննարկման կարիք բացարձակ չկա, քանի որ բնակիչները ոչինչ չեն ուզում լսել: «Բան չունեմ ասելու, լավ են համոզում, բայց թող գնան այնտեղ, որտեղ իրենց կլսեն: Գուցե մարդիկ կան, որ համաձայն են հանքի բացմանը, նույն կերպ կան մարդիկ, որոնք համաձայն են Արցախը հանձնելուն, այս ընտրություններին սխալ ընտրություն կատարելուն, բայց միանշանակ է՝ այստեղ հանք չի լինելու: Հարցնում եմ՝ ո՞վ է հանքի հիմնադիր-տնօրենը, ասում է՝ չեխ է, բայց անունն այնքան դժվար է, որ չեմ հիշում, այսինքն՝ Դուք այն մարդուն եք ներկայացնում, որ անգամ Դուք չգիտեք, թե ով է: Իրականում, ես գիտեմ, թե ով է, բայց չեմ ասի, նրանք հետո կասեն, չեխ չէ, հայ է»: