Խրամատում քնած հայ զինվորի լուսանկարն արժանացել է World Press Photo-ի մրցանակին

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորի» լուսանկարը World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում «Ժամանակակից խնդիրներ-մեկ լուսանկարով» անվանակարգում արժանացել է 3-րդ մրցանակին։

Զինծառայողը պառկած է խրամատում՝ հանգստանալով պոլիէթիլենային ծածկույթի վրա, Սյունիքի հյուսիս-արևելյան մաս, Ներքին Խնձորեսկ, Հայաստան, 2020 թվական, հոկտեմբերի 31:

«Այս լուսանկարն ինձ գրավել էր առաջին իսկ օրվանից: Շատ ուժեղ աշխատանքներ էինք ստանում Արցախից, բայց բոլորը հիմնականում կենտրոնանում էին վշտի, կորուստների, հակամարտությունների վրա: Այս պատկերը, որում ֆիքսված է պարզ, ընդհանուր կարիքի պահը, խորապես հուզիչ էր և գեղեցիկ լուսանկարված: Դա այլ հայացք էր՝ հակամարտության ազդեցության վերաբերյալ»,- ասել է Քեթի Մորան, որը National Geographic- ի լուսանկարչության փոխտնօրենն է և 2021 թ. ֆոտոմրցույթի ընդհանուր ժյուրիի անդամը: