Ուշագնացություններ` «AstraZeneca»-ի ներարկումից ու նույնիսկ դրանից հրաժարվելու մասին պատմելուց հետո (տեսանյութ)

Հայաստանում 55 և բարձր տարիքի անձանց մեծ մասը, բնականաբար, հրաժարվելու է վտանգավոր «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց, և այս դեպքում ՀՀ առողջապահության նախարարության ներկայիս ղեկավարությունը եթե ոչ այսօր, ապա իշխանափոխությունից հետո ստիպված է լինելու պատասխան տալ:

Պատասխան տալ, որ չնայած պատվաստանյութի վտանգավորության ու ցածր արդյունավետության վերաբերյալ զգուշացումներին, դրա յուրաքանչյուր դեղաչափի համար 4.5 ԱՄՆ դոլար վճարելով, 24 000 դեղաչափ «AstraZeneca» են ձեռքբերել ու մինչև մայիս 24 000 դեղաչափի չսպառվելու և դրա պահպանման ժամկետի լրացած լինելու պատճառով, չսպառված և անպիտան դարձած մասը ստիպված են եղել հանձնել ոչնչացման` դրա համար նույնպես մեծ գումար ծախսելով ու քամուն տալով հանրապետության փողերը:

Ավելին. 24 000 դեղաչափը կարծես քիչ է, առողջապահության պատասխանատուները «AstraZeneca»-ի դեռ շուրջ 156 000 դեղաչափ էլ նախատեսել են ձեռք բերել, համենայն դեպս, դրանից հրաժարվելու վերաբերյալ պաշտոնական որևէ տեղեկատվություն դեռ չկա:

Առողջապահության նախարարությունում, սակայն, կարծես գտել են ՀՀ ներկրված «AstraZeneca» պատվաստանյութն օգտագործված ներկայացնելով, վերոնշյալի տակից դուրս գալու ելքը, եթե, իհարկե, ճիշտ է մեզ հասած հետևյալ տեղեկությունը: Ըստ այդմ, ռիսկային խմբերում գտնվող և 55 ու բարձր տարիքի անձանց, որոնք առողջական այս կամ այն խնդրի պատճառով կայցելեն պոլիկլինիկա, բժշկուհու կառաջարկվի պատվաստվել, իսկ մերժման դեպքում կլրացվի տվյալ անձի պատվաստված ու պատվաստման վերաբերյալ իրազեկված լինելու մասին համապատասխան փաստաթուղթ` նշելով նրա անուն ազգանունը, անձնագրային և այլ տվյալներ, պացիենտին թերևս կխնդրեն ինչ-որ տեղ ստորագրել, պատվաստանյութն էլ պարզապես կթափեն: Ավելին. հանրապետության պոլիկլինիկաների 55 և բարձր տարիքի բուժաշխատողներից (որոնք նույնպես ռիսկի խմբում գտնվողներ են համարվում) շատերն իրենք հենց նույն կերպ կվարվեն` իրենց ներկայացնելով պատվաստված:

Տեղեկացնենք, որ օրերս «AstraZeneca»-ի ներարկումից հետո թրոմբի առաջացման ու մահվան հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ` Ավստրալիայում, իսկ Դանիան, ինչպես տեղեկացրել է swissinfo.ch  կայքը` հղում կատարելով «Copenhagen Post» պարբերականին, ամբողջությամբ հրաժարվել է նշված պատվաստանյութից, այսինքն` ոչ միայն մինչև 55-60 տարեկան, այլև բոլոր տարիքի անձանց «AstraZeneca»-ով պատվաստելուց, և այդ առումով դարձել աշխարհի առաջին երկիրը:

Դանիայի առողջապահության վարչության պետ Սորեն Բրոստրեմն ասել է, որ դա իրենց որոշումն է` շարունակել պատվաստումը Դանիայում առանց «AstraZeneca»-ի: Այո, դա Դանիայի որոշումն է, որն իր ինքնիշխանության փշրանքներից օգտված Դանիան, ըստ երևույթին, հեշտությամբ չի կայացրել, այլ դիմակայելով արտաքին հզոր ճնշմանը…

Որքան պետք է մեծ լինի այդ ճնշումը, որ Դանիայի Դեղերի գործակալության դեղաբանական հսկողության բաժնի տնօրեն Տանյա Էրիկսենն ուղիղ եթերում հեռարձակվող մամուլի ասուլիսում հայտնելուց հետո, որ «AstraZeneca» պատվաստանյութի հիասթափեցնող արդյունքներից հետո Դանիայի իշխանությունները որոշել են բացառել այն պատվաստումների ծրագրից, հավանաբար հուզական գերլարումից ուշագնաց է եղել:

BBC-ի տեղեկացմամբ, Դանիայի առողջապահության նախարարն ուղիղ եթերում բացատրում էր պատվաստանյութից հրաժարվելու պատճառները, երբ Տանյա Էրիկսենը հանկարծակի մի կողմ է թեքվել և ընկել: Կինը գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, նախարարն անմիջապես շտապել է կնոջն առաջին օգնություն ցուցաբերել` բարձրացրել է ոտքերն այնպես, որ արյունը շտապ հոսի դեպի գլուխը, և գործընկերոջը շրջել է մի կողմ, որպեսզի ոչինչ չխանգարի շնչառությանը, ներառյալ` հնարավոր փսխմանը: Շտապ օգնություն են կանչել, մամուլի ասուլիսը ստիպված չեղարկել են, իսկ Տանյա Էրիկսենին տեղափոխել հիվանդանոց:

Դանիան, սկանդինավյան մնացած երկրների հետ միասին, այնքան էլ ոգևորված չէր «AstraZeneca» պատվաստանյութով՝ կողմնակի ազդեցությունների պատճառով: Նշված պատվաստանյութի օգտագործումից հետո մարդիկ նկատել են թրոմբոցիտների ցածր քանակ և թրոմբների առաջացում: Այդ պատճառով Դանիայի իշխանությունները որոշել են հրաժարվել նշված պատվաստանյութից:

Փաստորեն, ճակատագրի հեգնանքով, միայն պատվաստանյութի ներարկումից հետո չէ, որ ուշագնաց են լինում , այլ նույնիսկ դրանից հրաժարվելու մասին պատմելուց:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը`