Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ամրապնդումը անխուսափելի է

Մենք առաջարկում ենք շարունակել զրույցը իրանա-ռուսական հարաբերությունների և նախապատրաստական ​​աշխատանքների թեմայով: Նույնիսկ եթե քայլարաստները Հայաստանը կմտցնեն Թուրքիայի կամ «կովկասի-թաթարստանի» կազմի մեջ, Իրանի և Ռուսաստանի նախապատրաստությունները, ինչպես տեսնում ենք, միշտ կվերաբերեն Հայաստանին և Արցախին, և այն էլ՝ ամենաուղղակի կերպով: Մենք արդեն հայտնել ենք Թեհրանում երկու երկրների արտգործնախարարների`Մոհամադ Ջավադ Զարիֆի և Սերգեյ Լավրովի միջև բանակցությունների մասին: Պակաս հետաքրքիր չեն նաև այն գաղափարները, որոնք հնչեցին Լավրովի՝ Իրանի Մաժլեսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Կալիբաֆի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումների ժամանակ: Ապրիլի 14-ին իրանական բոլոր ԶԼՄ-ները լի էին ռեպորտաժներով, թե ինչ են ասում իրանցիները ռուս նախարարին:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրած՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի նամակին, Իրանի խորհրդարանի խոսնակ Կալիբաֆը ասաց, որ դա ցույց է տալիս, որ երկու երկրների՝ Իրանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վճռական են զարգացնել երկկողմ կապերը: Նա ընդգծել է, որ Իրանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ները պետք է լրջորեն զբաղվեն այս կարևոր խնդրով,  հաղորդում է «Mehr News»-ը: Կալիբաֆը նաև ասել է, որ երկկողմ հարաբերություններում երկու երկրները պետք է շարժվեն դեպի տնտեսական և առևտրի, անվտանգության և քաղաքականության, մշակույթի և հասարակության, գիտության և ակադեմիական շրջանակներում համատեղ համագործակցության երկարաժամկետ համաձայնագիր: «Երկու երկրներ, Իրանը և Ռուսաստանը ունեն մեծ հնարավորություններ և ներուժ իրենց կապերի ավելի ընդլայնման համար, հատկապես տնտեսական ոլորտում»: Բացի դրանից, Մաժլեսի խոսնակը փաստորեն ասաց, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագիրը կնքվելու է հնարավորինս սեղմ ժամկետում, հավանաբար՝ 25 տարի ժամկետով, վերջերս ստորագրված իրանա-չինական նմանատիպ դաշնագրի օրինակով: Ըստ Կալիբաֆի, կարևոր խնդիր է երկու երկրների սերտ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանի գործերին արտատարածաշրջանային երկրների միջամտությունը կանխելը` ավելացնելով, որ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ինչպիսիք են Աստանայի խաղաղ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային այլ մեխանիզմները կարող են շատ արդյունավետ լինել ահաբեկչության դեմ պայքարում, տարածաշրջանում անվտանգության և կայունության տարածման գործում: Ռուսաստանի արտգործնախարարը, ի պատասխան մատնանշելով Իրանի առաջնորդի նամակը Պուտինին, և խոսելով ՌԴ նախագահի պատասխան նամակի մասին, ասել է. «Այս նամակում Ռուսաստանը սատարում էր Իրանի նախաձեռնությանը՝ ստորագրել և համախմբել երկու երկրների միջև համապարփակ համաձայնագիր»:

Բայց Լավրովի հետ հանդիպման ընթացքում ամենաբազմանշանակ և հետաքրքիր հայտարարություններն արեց նախագահ Հասան Ռոհանին: Նա շեշտել է Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի կողմից Իրան զենքի մատակարարման արգելքի վերացումը 2020 թ. հոկտեմբերին, հաղորդում է «Tasnim News»-ը: Ռոհանին նաև շեշտել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը` հայտարարելով, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի պետությունները: Ընդգծելով խաղաղությունն ու կայունությունն ապահովելու նպատակով տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու Իրանի պատրաստակամությունը՝ իրանական կառավարության ղեկավարը դա որակել է որպես ռազմավարական գործողություն՝ ընդդեմ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցման և տարածաշրջանային գործերին միջամտության: Ի պատասխան՝ ՌԴ նախարարն ասաց, որ Իրանի հետ համագործակցության զարգացման սահմանափակումներ չկան, այդ թվում՝ պաշտպանական և ռազմա-տեխնիկական: Լավրովը հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը ընդհանուր նպատակներ ունեն տարածաշրջանային և միջազգային համագործակցութան շրջանակներում:

Այսպիսով, Մաժլեսի խոսնակը և Իրանի նախագահը հիմնականում շեշտը դրեցին ինչպես ռազմավարական (ինչը նշանակում է՝ ներառյալ հետախուզական), այնպես էլ, ռազմական-պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: 2018-ին մենք հաղորդեցինք, որ Թեհրանի և Մոսկվայի միջև խորհրդակցություններ էին ընթանում, այդ թվում՝ ռազմական ղեկավարների ամենաբարձր մակարդակում, որ Իրանը Ռուսաստանին առաջարկում է ուսումնասիրել Իրանի բանակին և նավատորմին նոր ռազմական մատակարարումների հարցը: Այդ ժամանակ տարբեր լրատվամիջոցներ հաղորդում էին այդպիսի թվեր՝ 4- 8 միլիարդ դոլար, ներառյալ տանկերը, հրթիռները, սուզանավերը, ավիացիան և այլն: Այժմ, ըստ իրանական որոշ աղբյուրների, խոսքը Ռուսաստանից առնվազն 20 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական մատակարարումների մասին է, սակայն զենքի և տեխնիկայի ցուցակը չի տրամադրվում. դա միանգամայն հասկանալի է: Իրանի (Կալիբաֆի և Ռոհանիի) հաստատուն հայտարարությունները համատեղ հակաահաբեկչական պայքարի մասին՝ հաշվի առնելով ոչնչացված Արցախի գործոնը, այլևս ոչ միայն Իրաքին ու Սիրիային են վերաբերում, այլև Անդրկովկասին: «Տարածաշրջանային գործերին արտատարածաշրջանային երկրների միջամտությունը կանխելու» և «ԱՄՆ միջամտությունը տարածաշրջանային գործերին» արտահայտություններն ուղղակիորեն առնչվում են ահաբեկչության դեմ Իրանի և ՌԴ համատեղ պայքարին, բայց դրանք վերաբերում են ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Անգլիային, Իսրայելին կամ Ուկրաինային: Այնպես որ, մեր տարածաշրջանում «թեժ» է լինելու…

Սերգեյ Շաքարյանց