Դատախազությունը պարզաբանել է ԲԴԽ նախագահին քրեական հետապնդման ենթարկելու խնդիրը

Մամուլում լուրեր էր հրապարակվել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ, ինչի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը մեկնաբանություն է տվել:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց Դատախազության մեկնաբանությունը շրջանառվող լուրերի վերաբերյալ. «ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի համաձայնությանը, ապա դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ. եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։ Տվյալ դեպքում գործ ունենք նշածս դեպքի հետ»: