Հունվարի 2-7-ը կլինեն աշխատանքային օրեր, որ տնտեսությունը զարգանա
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել, որով կկայանա ՀՀ ուժեղ տնտեսությունը։
Ըստ նախարարի՝ համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88,6 մլրդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով, գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3,5 և 2,9 մլրդ դրամով։
Փաշինյանի խոսքով՝ նախագիծը պետք է ընթերցումներ անցնի Ազգային ժողովում։
«Սա եկեք ընդունենք ոչ թե վերջնական քաղաքական որոշում, այլ՝ ավելի շատ առաջարկ, որն արվում է հանրությանը, մեզ բոլորիս»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ դեմ են նախագծին, քանի որ աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունք է տրվում և հինգ աշխատանքային օրերի կրճատումով նվազեցվում է քաղաքացիների հանգստի օրերը։ Նախարարն առաջարկեց հինգ աշխատանքային օրերը կրճատելու փոխարեն՝ կրճատել հունվարի 4-7-ը՝ հաշվի առնելով որ ՀՀ-ում նշվում են նաև Սուրբծննդյան տոները։
Վարչապետը բացասական կարծիքներ լսելուց հետո առաջարկեց քվեարկել նախագծի օգտին, բայց հետո քննարկումներ իրականացնել, ու ոչինչ հետագայում չի խանգարի հետ կանչել կամ չեղյալ համարել որոշումը։