Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում չկա. առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը գրեթե  բոլոր երկրները նույն ժամկետներում են ստանում:

«Մենք, իհարկե, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեղամասի բժիշկները քաղաքացիներին ակտիվ ներգրավեն պատվաստումների գործընթացում՝ եղած պատվաստանյութերը սպառելու համար: Կորոնավիրուսի բոլոր պատվաստանյութերը ունեն կարճ օգտագործման ժամկետ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք ապահովել պատվաստանյութերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ ներկայիս պատվաստանյութը՝ «Աստրա զենեկան», սպառելու դեպքում, կբերեն պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը, որպեսզի ապահովեն երկրորդ դեղաչափը:

Հարցին՝ կորոնավիրուսի թվերի աճին զուգահեռ՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելը ճի՞շտ է, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ այլ երկրում էլ վերջին մեկ տարվա ընթացքում անցկացվել են ընտրություններ, և այժմ որոշակի փորձի ուսումնասիրություն են իրականացնում, գուցե ինչ-ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է անեն:

Երեխաների պատվաստումների մասին առողջապահության նախարարն ասաց. «Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ, ինչը կապված է մի շարք հանգամանքների հետ: Նախ՝ պետք է ավարտվի պատվաստումների փորձարկումների ու գրանցման գործընթացը, երբ պատրաստ լինի, մենք դա կդիտարկենք»:

Նա նաև շեշտեց, որ այսօր իրենց նպատակն է՝ հնարավորինս շատ քաղաքացիների շրջանում իրականացնել պատվաստումներ, որպեսզի կանխարգելեն հիվանդության և մահացության դեպքերը:

Անդրադառնալով դպրոցների ու մանկապարտեզների  հնարավոր փակմանը, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այն դպրոցները, որոնք ունեն համապատասխան տարածքներ աշակերտների միջև հեռավորությունը պահպանելու համար, նրանք հնգօրյա ռեժիմով աշխատում են: