Էդ ո՞նց եք այդտեղ եկել նստել ընդհանրապես, դուք հարց տալու իրավունք չունեք. Փաշինյանը՝ Գոռ Գևորգյանին

«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած գերեվարված հայրենակիցներ և չխնկարկված գերեզմաններ, դուք որպես վարչապետ, գոնե պետք է ձեր թիմակիցներին փորձեիք սաստել»,- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ելույթի ավարտին իմքայլական պատգամավորների հնչեցրած ծափահարություններին:

Հիշեցնելով, որ հունիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացրել էր, թե Հայաստանը աշխարհաքաղաքական զարգացման համատեքստում ինչ հնարավորություններ է ունեցել պատերազմին դիմակայելու համար՝ պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ իր մոտ նման ձևակերպում չի արվել, կամ արվել է այնպես, որ ինքը հասկացել է, որ ամբողջությամբ պատրաստ ենք պատերազմին:

Գոռ Գևորգյանը նաև հիշեցրեց, որ նոյեմբերի 17-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հոկտեմբրի 19-20-ի դրությամբ առաջարկություն է արել դադարեցնել պատերազմը՝ պահելով Շուշին և Արցախի նկատմամբ  վերահսկողությունը, հայկական կողմն այն մերժել է և ՌԴ նախագահն էլ հայտնել էր, որ իր համար անհասկանալի էր, թե ինչու մերժվեց առաջարկը:

«Հետևաբար, որպես ՀՀ վարչապետ և զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար, ե՞րբ հասկացաք, որ մեր բանակն այլևս ի վիճակի չէր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ պայքարը շարունակելու»,- Փաշինյանին հարցրեց Գոռ Գևորգյանը:

«Էդ ո՞նց եք այդտեղ եկել նստել ընդհանրապես, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում, դուք հարց տալու իրավունք չունեք»,- եղավ պատասխանը: