Բլեֆ, սուտ, մանիպուլյացիա, մեղադրանքներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ ոք չի կասկածում Նիկոլ Փաշինյանի հռետորական տաղանդի վրա։ Ինչպես արդեն չենք կասկածում, որ նա միջոցների մեջ խտրականություն չդնելով, գնում է դեպի իր նախանշած նպատակը և դրա համար կարող է անամոթաբար ստել, կեղծել իրականությունը, մանիպուլյացիաներ անել և օգտագործել վարչապետի իր կարգավիճակը։ Ընդ որում՝ այդ կարգավիճակը, որպես կանոն, օգտագործում է ոչ թե երկրի շահերի օգտին, այլ իր սեփական դիրքերն ամրապնդելու և իշխանությունը բոլոր միջոցներով պահելու համար։

Նա նորից ամբիոնն օգտագործում է շարքային մարդկանց ուղեղները լվանալու, հասարակությանն իր ճշմարտացիությունը ներշնչելու և համոզելու համար, որ ինքը լավ վարչապետ է։ Պարզ ասած՝ պահանջում է, խնդրում-աղաչում է, որ նորից իրեն վստահեն, իրեն քվե տան։ և դրա համար ոչ մի միջոցի առաջ չի կանգնում՝ հակառակորդներից մոնստրներ սարքելու, նախկինների վերադարձով մարդկանց ահաբեկելու, իր սխալները բացահայտողներին վարկաբեկելու և իր սխալները ճշմարտության և հանրային օգտակար քայլերի տեղ անցկացնելու համար։

Այսօրվա ելույթն Ազգային ժողովում այդ բոլոր մանիպուլյացիաների, ներշնչանքների, ստերի ու կեղծիքի մի ամբողջ փաթեթ էր, որն ամբողջ իրականությունն իմացող մարդու մոտ միայն զզվանք կարող էր առաջացնել, իսկ անտեղյակ մարդու մոտ՝ զարմանք ու տարակուսանք։ Մոտավորապես այն իմաստով, որ բա եթե այս երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար նախկիններն են մեղավոր, ՊՆ նախարարը, ԳՇ պետը, Իլհամ Ալիևը, պանդեմիան, պատերազմը, Թուրքիան, ռուսները, դու՝ քո դերակատարումը ո՞րն է մեր երկրում։ Վերջը դու այս երկրի վարչապե՞տն ես, թե՞ վիճակագիր, լրագրող, մեկնաբան, վերլուծող, որը բոլորի գործողություններում սխալներ է տեսնում, բայց իր գործողություններում ոչ մի վրիպում չի տեսնում։

Հարց երկրորդ․ 2020 թվականի կառավարության ծրագրի կատարողականի զեկույցի ժամանակ ի՞նչ տրամաբանությամբ ես անդրադառնում հայ-ադրբեջանական հարաբերություններին, 2016-ի պատերազմին, ԼՂՀ հարցի կարգավորման պատմությանը, Հոկտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի ասածներին, Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Վերջը դու ով ե՞ս՝ Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից հավերժ աբիժնիկ ու ընդդիմադիր, թե՞ Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ արդեն 3 տարի։

և վերջապես․ մի հետևություն՝ շարքային քաղաքացու անունից; Մենք հոգնել ենք քո արդարացումները, մեղադրանքները, բոցաշունչ ճառերը լսելուց և լրագրողական մանիպուլյացիաներից։ Հոգնել ենք անցյալի իրադարձությունների քո անիմաստ վերլուծությունից ու սրան-նրան դատափետելուց։ Ի վերջո, դատափետելն ու քննադատելն ընդդիմության անելիքն է, իսկ քո անելիքն աշխատելն էր, երկիրը կառավարելը, որը հիմնովին ձախողել ես, երկիրը տարել փորձանքների, մտցրել փակուղի, որից ելքը չի երևում՝ քանի դեռ դու վարչապետի պաշտոնին ես։ Իսկ դու այդ պաշտոնից չես հրաժարվում, որովհետև իշխանությունը քաղցր բան է։
Վերջ՝ սա է ճշմարտությունը»։