Սամվել Բաբայանի ստի հետքերով. Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, հրահանգել է արգելել փորձառու զինվորականների մուտքը հրամանատարական կետ

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն երեկ լրագրողների հետ զրույցում ստել է՝ հայտարարելով, թե ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն ինքն է արգելել փորձառու զինվորականներին, նախկին հրամանատարներին, գեներալներին մուտք գործելու հրամանատարական կետ:

Mediaport-ի տեղեկություններով՝ պատերազմի ամենաթեժ օրերին՝ հոկտեմբերի սկզբին տեսակապի միջոցով Նիկոլ Փաշինյանի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է Արցախի ռազմական և քաղաքական ողջ ղեկավարությունը, Փաշինյանը կոշտ ձևով Ջալալ Հարությունյանին զգուշացրել է, որպեսզի նախագահից, ՊԲ հրամանատարի տեղակալներից, իր հետ առնչվող ՊԲ զորամասերի հրամանատարներից, ծառայությունների պետերից բացի որևէ մեկը հրամանատարական կետ չմտնի:

Տեսակապի ժամանակ ներկա են եղել ու այդ զգուշացումն իրենց ականջներով լսել են խորհրդակցությանը ներկա Արայիկ Հարությունյանը, Արցախի այդ ժամանակվա ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանը, ԱԽ այդ ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ջալալ Հարությունյանը փորձելով հակադրվել Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ հրամանատարական կետ գալիս են միայն այն մարդիկ, ովքեր փորձառու են, լավ գիտեն Արցախը և ցանկանում են օգտակար լինել, ինչից հետո Փաշինյանը կտրուկ կրկնել է իր զգուշացումը՝ ասելով, որ դա հրաման է:

Դրանից անմիջապես հետո, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը դուրս է եկել խորհրդակցության վայրից, իսկ մյուս հասցեատերերին հորդորվել է այլևս հրամանատարական կետ չգալ:

Միայն պատերազմի կեսերից, երբ իրավիճակի ողբերգական ելքը պարզ էր, Արցախի նախագահը «սև ցուցակում» գտնվող տարբեր գեներալներին խնդրել է միջամտել և օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից: