Բառիս բուն և փոխաբերական իմաստով՝ զինվել է պետք. Արսեն Գրիգորյան

Համատարած գեներացվող ապազգայնության մթնոլորտում՝ ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնն այն լուսավոր կետն է մնացել, որի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի փառատոնը: Այս, ինչպես նաև երկրում տիրող ներկա իրողությունների շուրջ LIVEnews.am-ը զրուցել է փառատոնի հիմնադիր, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

– Տպավորություն է, որ հիմա, քան երբևէ իր բովանդակային առումով ավելի է կարևորվում «Գութան» ազգային-ավանդական երգիպարի փառատոնը: Ի՞նչ կասեք այս մասին:

– «Գութանը» միշտ էլ կարևոր է եղել և հիմա էլ նույնքան կարևոր է: Ուղղակի, Հայաստանում իրողություններն են մի քիչ ավելի փոխվել՝ հասկանալի պատճառներով: Եթե ուզում ենք մեր պետությունը պահել՝ իբրև ազգային պետություն, ուրեմն՝ ամենակարևորն ինքնությունը պահելն է: Եվ հենց ինքնության պահպանումն է մեր փառատոնի հիմքում: Ընդհանրապես՝ ինքնություն պահելու համար շատ կարևոր զենք է ազգային մշակույթի պահպանումը: Ազգային մշակույթի բոլոր ճյուղերն այսօր ամենքս պարտավոր ենք պահել ու անդրադառնալ մեծ նվիրվածությամբ: Սա այն ոլորտն է, որտեղ չպետք է մտածես՝ ի՞նչ շահ ունեմ, այլ պետք է մտածես՝ ի՞նչ ներդրում կարող եմ անել, որ այսօրվա մատաղ սերունդը կրողը դառնա ազգային մշակույթի, ոչ թե ունկնդիրը:

– Պարոն Գրիգորյան, հիմա ազգայինի դեմ, կարծես, անողոք պայքար է սկսվել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Ինչո՞ւ:

– Այսօր շատ հզոր «ժողովրդավար» պետություններ փորձում են գլոբալիզացիա տարածել մեր երկրում, մինչդեռ նրանք իրենց ազգային ինքնությունն ամեն կերպ պահում են: Օրինակ, Անգլիան բոլորին ասում է՝ պետք է ժողովրդավար լինեք, բայց իրենք ազգային են, իրենց ընտանիքը պետք է մեծ լինի, երեխաները՝ շատ: Իսկ ուրիշներին հորդորում են, որ պետք է քիչ երեխա ունենալ, որ լավ կրթություն ստանան, ու սա սերմանում են ամեն տեղ: Ես ուզում եմ, որ իմ երեխաներն ավելի շատ ճանաչեն իրենց մշակութային ժառանգությունը և տերն ու կրողները լինեն: Դեմ չեմ, որ պետք է նաև ծանոթ լինել աշխարհի տարբեր տեսակի մշակույթներին, այդ թվում՝ երգարվեստում, պարարվեստում և այլն: Բայց նախ քո ազգային երգը պետք է իմանաս և չհնչի հարց՝ «Սարի աղջիկը», «Դլե յամանը» հայկակա՞ն է, թե՝ ոչ: Դրա համար մեր «Գութանը» շատ կարևոր խնդիր է լուծում: Այս 8 տարիների ընթացքում հսկայական արխիվ ունենք արդեն, ընդ որում՝ որակյալ, որ մեր լեզուն երկար լինի և կարողանանք ասել՝ մեր մշակույթի վրա ոչ թե փոշի է դրած ու չգիտենք՝ վաղը կկորչի, թե՝ ոչ, այլ մենք վեր ենք հանում այն՝ որպես կենդանի մշակույթ, ոչ թե՝ իբրև հնացած: Եվ փաստացի լուծում ենք ոչ միայն պահպանության խնդիր, այլև տարածման:

-Այս առումով՝ ինչո՞ւ «Գութանը» միջազգային փառատոնի չի վերածվում:

– «Գութանը» կոչվում է Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի փառատոն, ուրեմն՝ իր խնդիրն ազգային մշակույթի պահպանումն ու տարածումն է: Մենք խնդիր չունենք օտար ազգի մշակույթը տարածելու: Իսկ ինչ վերաբերում է տարբեր երկրներից հայկական խմբերի մասնակցությանը, ապա մեծ սիրով փորձելու ենք այն իրականացնել: Օրինակ, փառատոնին՝ լինի այս տարի, թե մյուս, հնարավորություն կունենանք բերել Ռոստովի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղից պարային խմբի: Այդ գյուղում գրեթե բոլորը անեցիներ են և պահել են իրենց մշակույթը՝ երգը, պարը, բարբառը, իրար հետ են ամուսնանում, ուրիշին աղջիկ չեն տալիս: Ունենք համշենահայերի պարային խմբեր, որոնց ևս ցանկանում ենք մասնակից դարձնել փառատոնին: «Գութանը» համահայկական նշանակություն ունի և կամաց-կամաց փորձում ենք հասնել նրան, որ այն լինի ոչ միայն Երևանում կամ որևէ համայնքում, այլ ամեն տարի բոլոր համայնքներում, մարզերում կարողանանք միաժամանակ իրականացնել:

– Որտե՞ղ և ե՞րբ է լինելու «Գութանն» այս տարի…

– Երկար մտածելուց և խորհրդակցելուց հետո՝ որոշել ենք խոնարհումի ու ոգեկոչման «Գութան» իրականացնել՝ մեր հարգանքի տուրքը տալու մեզ համար զոհված հերոս տղաներին: Բնականաբար, ծրագիրն ամբողջությամբ կլինի հայրենասիրական երգ ու պարով: Շատ զոհեր ենք տվել և նման միջոցառումները ոչ թե պետք է միայն արդարացված լինեն, այլև իմաստավորված: Միգուցե այն արցախյան զորամասերում իրականացնենք, Գորիսում կամ Երևանում, բայց կարևորն այն է, որ մեր միջոցառումները լինեն ոգեկոչող ու ապրեցնող: Իրականում ամենակարևորը փառատոնը չէ, այլ պետք է այսօր լուծել երկրի անվտանգության խնդիրները, ուստի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով՝ զինվել է պետք:

– Հետաքրքիր է, որ, որպես զինվորի հայր, զինվելու կոչ եք անում, մինչդեռ որոշ ծնողներ անգամ ակցիաներ էին իրականացնում, որ իրենց որդին այլևս Արցախում չծառայի…

– Նախ ինձ համար տարօրինակ է, որ ասում են, թե մեր երեխաները պետք է ծառայեն Հայաստանում: Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվել, արդեն ձե՞ռք ենք քաշել Արցախից, Արցախը Հայաստան չէ՞: Իմ տղան այնտեղ է, եկավ արձակուրդ, իր և մեր կամքով ինքս եմ տարել և հասցրել իր զորամաս ու այսօր Արցախում է շարունակում ծառայությունը: Նա ընկեր է կորցրել այնտեղ, վիրավորվել է մեր այդ հողի վրա: Չեմ հասկանում՝ երբ ինձ հարցնում են, թե տղադ որտե՞ղ է: Էլ որտե՞ղ պետք է լինի: Արցախն ինձ համար եղել ու կմնա Հայաստան: Ոչ մի բան չի փոխվել ինձ համար, եթե որևէ մեկի համար փոխվել է, թող ինքը մտածի: Մի քանի ամիս առաջ, երբ ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, բոլորը ծափ էին տալիս, հիմա ի՞նչ եղավ: Եվ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ պատերազմի դադարից հետո ինչո՞ւ չենք շարունակում բանակը հզորացնել, ինչո՞ւ չենք շարունակում խնդիրները լուծել, ինչո՞ւ ենք նվազեցնում մեր բանակի բյուջեն, երբ մեր հարևան թշնամին բարձրացնում է իր բանակի բյուջեն, ո՞ւմ դեմ է ավելացնում: Մինչդեռ կան մարդիկ, որ խոսում են ադրբեջանցիների հետ համակեցության մասին, սա ինձ համար անընդունելի է: