Երբ ԵԽ մի անդամ մյուս անդամ երկրի քաղաքացիներին գերեվարում է, ուղղակի աբսուրդ է. Միքայել Մելքումյան

Ես հույս ունեմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ընդամենը բարբաջանք են, և նա չի կարող որևէ հավակնություններ ունենալ Հայաստանի տարածքների նկատմամբ, մենք էլ մեր հերթին պետք է պայքարենք և շարժվենք առաջ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  և ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Ես ուզում եմ հավատալ՝ այս ցավալի պարտությունից հետո, այս հակամարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ դրված է ընդամենը ստորակետ և մենք պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի կարողանանք մեր ողնաշարը ուղղել, չնայած չի երևում, որ ապրում ենք նոր օրակարգով»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նաև տեղեկացրեց՝ մոտակա ժամանակահատվածում պետք է մեկնեն Ստրասբուրգ, և այնտեղ ինքը բարձրացնելու է լուրջ խնդիրներ:

«Ես ուզում եմ լուրջ պահանջներ դնել այն կառույցների նկատմամբ, որոնք չեն արձագանքում այս իրավիճակին, երբ Եվրախորհրդի մի անդամ մյուս անդամ երկրի քաղաքացիներին գերեվարում է, սա ուղղակի աբսուրդ է »,- նշեց նա: