Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով հայտարարել արտակարգ դրություն. պատգամավորն ընթերցեց տավուշցի գործարարների բաց նամակը

ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հայտարարեց, որ ապրիլի 10-ին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվող քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաև ինքը, և գործարարները պատգամավորին են փոխանցել իրենց բաց նամակը՝ այն ԱԺ բարձր ամբիոնից ներկայացնելու համար։

Պատգամավորն ընթերցեց գործարարների նամակը․ «Նոյեմբերյանի տարածաշրջանի ներքոստորագրյալ գործարարներս, ֆերմերներս և քաղաքացիներս դիմում ենք հետևյալ խնդրով՝ լինելով սահմանամերձ շրջանի բնակիչներ՝ մեզ վրա ենք վերցրել տարածաշրջանի զարգացման պատասխանատվությունը և արտաքին ներդրումների բացակայության պայմաններում, հիմնականում վարկային միջոցներով ներդրումներ ենք կատարել այս չափազանց ռիսկային գոտում՝ փորձելով սահմանում ինչ-որ չափով լուծել գործազրկության խնդիրը, մինչ կորոնավիրուսի բռնկումը՝ պարտաճանաչորեն կատարել ենք մեր պարտավորությունները, սակայն համաճարակային սահմանափակումների արդյունքում ոչ միայն չենք կարողացել կատարել մեր վարկային և հարկային պարտավորությունները, այլև շատ բիզնեսներ կանգնած են փակման վտանգի առաջ, մյուս կողմից էլ խնդիրներ ենք առաջացրել մեզ երաշխավորած պարտաճանաչ վարկառուների համար։

Կարծում ենք՝ դժվար չէ կռահել, թե դա ինչ հետևանքներ կունենա սահմանամերձ համայնքների համար՝ գործազրկություն, արտագաղթ, դատարկվող գյուղեր ու համայնքներ, անպաշտպան սահմաններ»։

Բաց նամակի հեղինակները նշել են, թե բազմիցս դիմել են ֆինանսական կառույցներին ու պատկան մարմիններին՝ ծանրացած վարկային բեռը թեթևացնելու առաջարկներով, սակայն ապարդյուն։

Խնդրի լրջությունն ու հրատապությունը, ըստ Տավուշի սահմանամերձ համայնքների գործարարների, պահանջում են անհապաղ ձեռնարկել մի շարք քայլեր՝ սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների վարկային պատմությունները և դասակարգումը համապատասխանեցնել մինչև արտակարգ դրության հայտարարման կարգավիճակին, չեղարկել այդ ընթացքում կիրառված տույժերն ու տուգանքները, իրականացնել վարկերի վերակառուցումներ՝ վերանայելով դրանց ժամկետներն ու տոկոսները, սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով ֆինանսական ոլորտում հայտարարել արտակարգ դրություն՝ թույլ տալով վարկերի մարումները կատարել ազատ գրաֆիկով, դադարեցնել ԴԱՀԿ և դատարանների վարույթում գտնվող վարկային գործերը։

«Եթե համապատասխան արձագանք չլինի, ապա պատրաստ ենք օրենքի շրջանակներում քաղաքացիական անհնազանդությունների ճանապարհով գնալ»,-նշել են գործարարները։